Հայերեն   English   Русский  

​Հայաստանի ժողովրդավարական անցումը չէր կարող լինել առանց այն օգնության, որ տարիներ շարունակ ստացել են ԱՄՆ-ից․Արսեն Խառատյան


  
դիտումներ: 360

«Հայաստանն այժմ ժողովրդավարության ամրապնդման կարիք ունի, որպեսզի լիբերալ ժողովրդավարության արժեքները չնահանջեն»:

«Հայաստանն այժմ ժողովրդավարության ամրապնդման կարիք ունի, որպեսզի լիբերալ ժողովրդավարության արժեքները չնահանջեն»: Այս մասին ԱՄՆ կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած լսումներումհայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կարևոր է, բայց ոչ բավարար:

Իոաննիսյանը նշել է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները շարունակում են իրենց ձեռքում պահել կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ահռելի ֆինանսական միջոցներ և չափազանց արդյունավետ են գործում հատկապես կիբեր և ինֆորմացիոն դաշտում: Հետևաբար, նա կարևորել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Մյուս կողմից, նրա խոսքով՝ կարևոր է զարգացնել իրավապահ ու դատական համակարգի կարողությունները, որի արդյունքում առավել ամբողջական կդառնա ժողովրդավարական անցումը:

Իոաննիսյանը նաև խոսել է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու կարևորության մասին: «Ռուսաստանից անկախությունը կարող է աճել, եթե Հայաստանում զարգանան բնական գազի վրա չհիմնված էլեկտրաէներգիայի արտադրությունը և ենթակառուցվածքները: Դա կօգնի նվազեցնել ռուսական գազի ազդեցությունը, ինչպես նաև Ռուսաստանից մասնակիորեն հետ բերել հայ աշխատանքային միգրանտներին, որոնք ևս Կրեմլի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ են»,- ասել է նա:

Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցն իր ելույթում կարևորել է նաև «Գերմանական Մարշալ հիմնադրամի» առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը պետք է ներառի այդ անկախության ամրապնդմանն ուղղված ռազմավարություն՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության և էներգետիկ առումներով: Կացը նաև նշել է, որ 1991 թ․-ից հետո սա Հայաստանում առաջին կառավարությունն է, որը ստանձնել է «ամենամեծ հանձնառությունը և ամենամեծ հնարավորությունը»՝ իրականացնելու իրական ժողովրդավարական բարեփոխումներ:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը, ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական անցման դժվար ու երկարատև ճանապարհը, նաև անդրադարձել է իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի պայքարն աշխարհաքաղաքական ուղղվածություն չունի, սա ժողովրդի պայքարն է՝ վերականգնելու իր ինքնիշխանությունը, իր հայրենիքը դարձնելու մի վայր, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները:

«Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանն իր ելույթում նշել է, որ 2018 թ. Հայաստանի ժողովրդավարական անցումը չնայած ներքին գործընթաց էր, բայց և չէր կարող լինել առանց այն օգնության, որ տարիներ շարունակ ստացել են հայկական մեդիան և քաղհասարակությունը՝ այդ թվում ԱՄՆ-ից: Նա նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պայքար են սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև բարեփոխումներ են սկսել դատական և մի շարք այլ ոլորտներում: Ու թեև ԱՄՆ-ն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել աջակցելու Հայաստանի կառավարությանն այդ ոլորտներում, բայց շատ ավելի լավ կլիներ, որ այդ հետաքրքրությունը վերածվեր կոնկրետ գործողությունների: Որպես այդպիսի օգնություն, նրա խոսքով, կարող է դիտվել լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը Հայաստանին, ինչպես որ դա արվել է Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Խառատյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի նաև անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով ԼՂ-ի չկարգավորված հակամարտությունը:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյն իր խոսքում կարևորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված գործընթացը՝ ընդգծելով, որ սա եզակի դեպք է նախկին ԽՍՀՄ տարածքում, երբ մեղադրանք է առաջադրվում նախկին նախագահի նկատմամբ: Այս համատեքստում նա նաև կարևորել է Հայաստանում դատական հակամարգում փոփոխությունների անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանում նստած են հենց Քոչարյանի համախոհները: «Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ արդյո՞ք ավտորիտար սահմանադրությունը, ավտորիտար դատական համակարգը և ավտորիտար սահմանադրական դատարանը կարող են արդարադատություն իրականացնել այսպիսի կարևորագույն գործում»,- ասել է նա:

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովը հրավիրել էր լսումներ՝ «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով: Հանդիպումը նպատակ ուներ գնահատել մինչ այժմ Հայաստանի կառավարության գրանցած ձեռքբերումները, հատկորոշել բարեփոխման ենթակա առաջնահերթ ոլորտները և ընդգծել բարեփոխումների գործընթացներին ԱՄՆ աջակցության հնարավորությունները: Միջոցառմանը, որպես «վկաներ», ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Գերմանական Մարշալ հիմնադրամի» առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ Կացը, «Ալիք մեդիայի» հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: