Հայերեն   English   Русский  

Պաշտպանները դատարանին 230 մլն դրամ գրավ են առաջարկել՝ Գագիկ Խաչատրյանի ազատության համար


  
դիտումներ: 119

Այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Փաստաբանը մասնավորապես վկայակոչել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։ Խոսքը վերաբերվում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալուն, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ, քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5–ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,–ասաց նա։

Նշենք, որ դատարանն, այնուամենայնիվ, մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Հավելենք, որ Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: