Հայերեն   English   Русский  

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկում են նրան կալանավորելու որոշումը. ուղիղ


  
դիտումներ: 196

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի մոտ են հավաքվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ընկերները, հարազատները, փաստաբանները: Քիչ անց դատարանում քննվելու է Բաբայանի ձերբակալության դեմ պաշտպանների բողոքը:

Դատական նիստը պետք է երեկ կայանար, սակայն Արսեն Բաբայանին դատարան չէի ներկայացրել, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց:

Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երկու օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Երեկ՝ հոկտեմբերի 22–ին ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: