Հայերեն   English   Русский  

Ընդդեմ թանկացման, քաղաքական ազատազրկման և մարդու իրավունքների սահմանափակումների․ ցույցերը պատել են 4 տարածաշրջանները


  
դիտումներ: 669

«100 տարվա» ազատազրկումը՝ ցույցերի պատճառ

Արդեն տասն օր է, Կատալոնիայում բողոքի ակցիաները չեն դադարում։ Դրանք մերթ ավելի խաղաղ բնույթ են կրում, մեկ վերածվում են բախումների ոստիկանության հետ։ Այս օրերին արդեն իսկ 600-ից ավել մարդ է վնասվածքներ ստացել, որոնց կեսը՝ ոստիկաններ։ Երկրամասի մայրաքաղաքը՝ Բարսելոնան, այս օրերի ընթացքում արդեն իսկ 2,5 մլն եվրոյի նյութական վնաս է կրել՝ մեքենաների ու աղբամանների այրելու, սալահարթակները քանդելու ու նման այլ գործողությունների պատճառով։

Կատալոնիայում չհանդարտվող ցույցերի պատճառը իսպանական դատարանի որոշումն է, որով կատալոնացի 9 քաղաքական գործիչներ դատապարտվել են 9-13 տարի ազատազրկման Իսպանիայի իշխանություններին անհնազանդության, ապստամբության և պետական միջոցների վատնման մեղադրանքով։ Եվս երեք մարդ նույն գործով պատժվել է տուգանքի նշանակմամբ։ Սրանք այն գործիչներն են, որոնք 2017-ին, հակառակ Իսպանիայի կենտրոնական իշխանությունների կամքին, նախաձեռնել և անցկացրել են անկախության հանրաքվե Կատալոնիայում։ Հիշեցնենք, որ քվեարկողների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը։

Երկու տարի առաջ հանրաքվեի օրը իսպանական ոստիկանները բռնություն էին գործադրում ընտրատարածքներ գնացող քաղաքացիների նկատմամբ։ Այնուհետև չընդունեցին հանրաքվեի արդյունքները, ձերբակալեցին կատալոնական քաղաքական վերնախավին և երկրամասում նոր արտահերթ ընտրություններ նշանակեցին։ Բայց այդ ընտրություններում կրկին մեծամասնություն ստացան կատալոնական ուժերը, որոնք անկախության կողմնակից են։ Այս ընթացքում Իսպանիայի սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել հանրաքվեն և արդյունքները։ Եվ Կատալոնիայում ակնկալում էին, որ դատարանը կսահմանափակվի սիմվոլիկ պատիժ նշանակելով և դրա պայմանական կիրառմամբ։ Մինչդեռ 9 կատալոնացի քաղաքական գործիչները միասին ստացան 100 տարվա ազատազրկում։ ԻսկԿատալոնիայի Ինքավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի նկատմամբ հերթական անգամ հետախուզում հայտարարվեց։ Նշեք, որ Բելգիայում ապաստանած Պուչդեմոնը 2017-ից ի վեր 3 անգամ ինքնակամ ներկայացել է բելգիական իրավապահներին, սակայն նրան չեն ձերբակալել։

ցույց Բարսելոնայում

Դատարանի որոշումը բողոքի ակցիաների պատճառ դարձավ։ Մարդիկ անգամ ոտքով էին Բարսելոնա գալիս՝ իրոնց դժգոհությունն արտահայտելու։ Ուշագրավ է, որ այս անգամ բողոքի ակցիաներն ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Եթե նախկինում Կատալոնիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներն առանց միջադեպերի էին անցնում, ապա այս անգամ թե ոստիկանները, թե ցուցարարներն ավելի ագրեսիվ են։ Ըստ ականատեսների ու ԶԼՄ-ների՝ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում դիմակավորված երիտասարդների նկատմամբ, ցրում են նաև խմբերին, որոնք տևական ժամանակ ճանապարհ են փակում։

Ուշագրավ է, որ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները կոշտ դիրքորոշում են որդեգրել և հրաժարվում են բանակցություններից։ Կատալոնիայի Ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տորան հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման, ինչպես նաև նրա հետ հեռախոսազրույց ունենալու բոլոր փորձերը ձախողվել են։ Կենտրոնական իշխանությունները քննարկում են Կատալոնիայում իրավիճակը հարթելու հնարավորությունները, բայց այդ հարցում անտեսում են Կատալոնիայի իշխանությունների կարծիքն ու մոտեցումները։ Կիմ Տորան Իսպանիայի կենտրոնական իշխանություններին կոչ է արել բանակցել առանց նախապայմաններին։

Փորձագետների կարծիքով՝ բանակցություններից խուսափելու պատճառներից մեկն էլ նոյեմբերի 10-ին սպասվող խորհրդարանի արտահերթ ընտրություններն են Իսպանիայում։

Բողոքի ակցիաներ՝ 4 ամիս շարունակ

Չորս ամիս է, կյանքն իր բնականոն հունից շեղվել է Հոնկոնգում։ Այստեղ ևս քաղաքացիների դժգոհությունը քաղաքական մոտիվներ ունի։ Այստեղ ամեն ինչ սկսվեց օրենքի նախագծից, որը հնարավորություն կտար հետախուզման մեջ գտնվող անձանց արտահանձնել պաշտոնական Պեկինին։ Բողոքի զանգվածային ցույցերի պատճառով օրինագիծը սկզբում սառեցվեց, իսկ այսօր նաև հետ կանչվեց։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք դա բավարար կլինի բողոքի ակցիաներին վերջ դնելու համար։ Ցուցարարների պահանջներն այս ամիսների ընթացքում ընդլայնվել են։ Այժմ նրանք նաև պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին, ինչպես նաև ընդունել Հանկոնգի ժողովրդավարացմանըմիտված օրենսդրական փաթեթ։

Թանկացումն՝ անկարգությունների պատճառ

ցույց Չիլիում

Իրավիճակը հանդարտ չէ նաև Չիլիում՝ հարավամերիկյան հանրապետությունում։ 1990-ից ի վեր այստեղ տեղի են ունենում ամենազանգվածային ցույցերը։

Հոկտեմբերի 6-ին այստեղ մետրոյի տոմսը թանկացավ 30 պոսոյով՝ 0,042 դոլարով։ Այս թանկացումը բողոքի ակցիաների պատճառ դարձավ, որը գնալով ընդլայնվեց, տարածվեց անգամ բնակավայրերում, որտեղ մետրոյի կայարաններ չկան և վերածվեց բախումների ոստիկանության հետ։ Իշխանությունները չեղարկեցին թանկացման մասին որոշումը, սակայն բողոքի շղթայական ալիքն այլևս կասեցնել չհաջողվեց։

Բախումներին զոհ է դարձել 15 մարդ, 211-ը վիրավորվել է, իսկ 2600-ից ավել մարդ՝ ձերբակալվել։ Երկրում 15 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ գիշերային ժամերին մայրաքաղաք Սանտյագոյում և մի շարք այլ խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է պարեկային ժամ է հայտարարվում։

ցույց Չիլիում

Փորձագետների կարծիքով՝ մետրոյի տոմսի թանկացումն ընդամենն առիթ էր, որը լցրեց հանրության համբերության բաժակը։ Դժգոհության բուն պատճառը երկրի տնտեսական վիճակն է․ վերջին տարիներին Չիլիում տնտեսական աճը դանդաղել է, աճում է գործազրկությունն ու աղքատությունը, բարձրանում են ծառայությունների և ապրանքների գները, բայց ոչ քաղաքացիների եկամուտները։ Գնալով ավելի է խորանում նաև սոցիալական շերտավորումը։ Այս իրավիճակն էլ պատճառ է դարձել զանգվածային բողոքի ցույցերին։

Սոցիալական հողի վրա «եռում է» նաև Մերձավոր Արևելքը

Ցույցերը չեն հանդարտվում նաև Լիբանանում։ 2005-ի մայրիների հեղափոխությունից ի վեր ողջ երկրով մեկ ամենազանգվածային ցույցերն են տեղի ունենում, որի մասնակիցների թիվը գրեթե 2 միլիոնի է հասնում։ Լիբանանում ցույցերի պատճառը ևս սոցիալական բնույթ ունի։

Կոալիցիոն կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում որոշել է կրճատել սոցիալական վճարները, հարկել զանգերի ու հաղորդագրությունների օնլայն հավելվածները։ Նոր հարկատեսակը քաղաքացիներին փողոց դուրս բերեց։ Իշխանություններն անմիջապես չեղարկեցին օնլայն հավելվածների հարկման որոշումը, սակայն արդեն ուշ էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: