Հայերեն   English   Русский  

Փաշինյանն ասել է, թե ինչու է բարձրացրել պաշտոնյաների աշխատավարձերը


  
դիտումներ: 307

Մեր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 23-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին։

Մարուքյանին մասնավորապես վրդովել էր այն փաստը, որ վարչապետի որոշումը միլիոնավոր դրամներով հերթական պարգեւավճարների մասին գաղտնի է եղել։

Փաշինյանի խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որպեսզի նախարարները «սեղմված վիճակում» չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն։

Հարցին, թե ինչու այդ դեպքում այդ գործընթացը գաղտնի է իրականացվել, կառավարության ղեկավարն ասել է, որ դա բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկության պաշտպանությանը։

«Եթե այդ ցուցումն ուղղվել է գաղտնիության ռեժիմով, դա բնավ չի նշանակում, թե այդ ամենն արվել է հասարակությունից գաղտնի»,- հավաստիացրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախարարները պետք է արժանի աշխատավարձ ստանան։

Վարչապետը նաեւ նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու, այդ թվում պատգամավորների աշխատավարձերը։

«Ավելին, կբարձրացվեն բոլոր քաղաքացիների աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում»,- ամփոփել է վարչապետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: