Հայերեն   English   Русский  

​Բերքի ավանդական «Համշեն» տոնակատարությունը՝ Աբխազիայում


  
դիտումներ: 228

Համշենը Քաջքարի ծովահայաց լանջերին գտնվող տարածք է, որը ժամանակին հայաբնակ է եղել, իսկ այժմ այնտեղ այլ ազգերի հետ մեկտեղ ապրում են նաև էթնիկ հայեր, որոնք 18-19-րդ դարերում բռնի մահմեդականացվել են:

«Համշեն» տոնակատարությանը, որը նոյեմբերի 1-ին կանցկացվի Յաշտուխա գյուղում, սպասվում է 3 հազար հյուրից ոչ պակաս, Sputnik Աբխազիա ռադիոյի հետ զրույցում ասել է տոնի կազմակերպիչներից մեկը՝ Խաչիկ Մինոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Աբխազիայի Հայ համայնքի խորհուրդը որոշել է տոնն անցկացնել Սուխումիի շրջանում, Յաշտուխա գյուղի դպրոցի մոտ ֆուտբոլի դաշտում: Այս տարածքում կարելի է հարմարավետ տեղադրել բոլոր ցուցահանդեսային նյութերը, պաստառները եւ կայանել տրանսպորտային միջոցները:

Տոնակատարության ժամանակ համշենահայերի ավանդական մշակույթը կներկայացնեն Սուխումի քաղաքի, Սուխումիի, Գուլրիպշիի եւ Գագրայի շրջանների համայնքները: Յուրաքանչյուր շրջանի կհատկացվի առանձին ցուցահանդեսային հարթակ: Կազմակերպիչները երեխաների համար պատրաստել են նվերներով խաղեր: Բոլոր ցանկացողները կարող են խաղալ նարդի, շաշկի եւ շախմատ:

Մինոսյանի խոսքով՝ տոնի գլխավոր նպատակն է ավանդույթների վերածնումը, որոնք համշենահայերը Աբխազիա են բերել, եւ իհարկե, ժողովրդի միասնությունը:

«Մենք ջանում ենք տոն սարքել: Մարդիկ կարող են տեսնել, թե իրենց նախնիներն ինչպես են ապրել, ինչով զբաղվել: Ավանդության համաձայն՝ կներկայացվեն ազգային ճաշատեսակներ, կահ-կարասի եւ գործիքներ: Ռուսաստանից կգա համշենյան պարերի խորեոգրաֆիկ համույթը, Սոչիից եւ Կրասնոդարի երկրամասից կժամանեն երգիչներ»,- ասել է նա:

Տոնակատարության ժամանակ կլինի նաեւ աբխազական ճաշատեսակներով սեղան, որը կներկայացնի հանրապետության Առեւտրաարդյունաբերական պալատը:

«Կլինեն նաեւ աբխազական պարեր ու երգեր: Անչափ կարեւոր է ցույց տալ, որ մեկ հողի վրա լիելով, կարելի է ապրել բարեկամաբար եւ գեղեցիկ: Այս տոնը մեր երկրի համար ահռելի նշանակություն ունի: Մենք ցուցադրում ենք ամբողջ ժողովրդի միասնականությունը»,- նշել է Մինոսյանը: Բերքի ավանդական «Համշեն» տոնակատարությունը Աբխազիայում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Անցյալ տարի Գագրայի շրջանի Մախադիր գյուղում տոնակատարությանը մասնակցել էր ավելի քան 5 հազար հյուր:

Իսկ ովքե՞ր են համշենցիները, որտեղի՞ց են եկել, ու՞ր են գնում.

Համշենցիները Թուրքիայի Հանրապետությունում և այնտեղից Կովկաս ու Միջին Ասիա տեղափոխված էթնիկ խումբ, որը պատմաբանների, լեզվաբանների, մարդաբանների գերակշիռ մասի կողմից բնութագրվում են որպես հայ էթնոսի մի հատված։

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թթ.-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489 թ.-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։

Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406 թ.-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։

XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։

Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն և այլն։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։

Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկական տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: