Հայերեն   English   Русский  

Դավիթ Գրիգորյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԱԱԾ որոշման դեմ բողոքը քննող դատավորին


  
դիտումներ: 232

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ մեկնարկեց դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի սկզբում Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանին։ Փաստաբանը հիշեցրեց, որ Մաթեւոսյանն այն դատավորն է, որը թույլատրել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել։

«Դուք Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլտվություն տալով, օրինական եք համարել քննիչի կողմից մինչ այդ իրականացված գործողությունները։ Խուզարկություն կատարելու որոշման պահին Գրիգորյանը եղել է փաստացի մեղադրյալի կարգավիճակում, եւ նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետանդում՝ առանց ԲԴԽ համաձայնության, ինչի պայմաններում դուք բավարարել եք նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու միջնորդությունը»,–ասաց նա։

Վարոսյանը միաժամանակ նկատեց, որ տարօրինակ է, թե ինչպես է արհեստական բանականություն ունեցող համակարգիչը բողոքը մակագրել նույն դատավորին, այն պարագայում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մի քանի տասնյակ այլ դատավորներ կան։

Այսպիսով, ըստ պաշտպանի՝ Աննա Մաթեւոսյանը չի կարող անաչառ քննել գործը եւ այս գործով անկողմնակալ որոշում կայացնել։

Գործով դատախազ Էդգար Արսենյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանները հիմնավոր փաստարկներ չներկայացվեցին։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր եւ մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: