Հայերեն   English   Русский  

Ես նախկինում 2 մլն էի ստանում․ Դավիթ Անանյան


  
դիտումներ: 106

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ վարչապետի գաղտնի հրամանին, որով բարձրացվել են նախարարների ու ուրիշ պաշտոնյաների աշխատավարձերը:

«Որևէ նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի վարչապետի և վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարի առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակիորեն կառավարվի։ Օրինակ, այս որոշակի առավելագույն չափերի սահմանման արդյունքում իմ պարգևավճարը նվազել է, նախորդ տարի ավելի շատ է եղել։ Ես էլ եմ այդ 1,5 միլիոնը ստանում, առաջ 2 մլն էի ստանում»,-նշեց նա։

Անանյանը նաև նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեում գործում է պարգևավճարների հստակ սխեմա։

«ՊԵԿ-ում կանոնակարգված է, որ 0․3-ից 1․3 գործակցով գնահատվում են բոլոր աշխատողներն իրենց կատարած աշխատանքի եւ դրսեւորած վարքագծի համար, յուրաքանչյուր ամիս ես բոլորի պարգեւավճարները հաշվարկում եմ իմ համակարգչով, եւ կարող է այդ գործակցով աշխատակից լինի, որ ստանա բարձր կամ ցածր պարգեւավճար»,-նշեց նա։

Անանյանի խոսքով՝ որոշում կայացնողները, որոնք բաժնի պետերն են եւ բարձր, շուրջ 290 հոգի՝ ՊԵԿ-ում, նրանց պարգեւավճարներն ավելի բարձր են, քան շարքային աշխատողները։

Նրա փոխանցմամբ՝ տեսուչների միջին աշխատավարձը 130-150 հազար է․ «Տեսուչի աշխատավարձը 130-150 հազար դրամ է առանց եկամտային հարկի, իհարկե դա բավարար չէ, դրա համար մենք աշխատում ենք, որ նա ունենա իր պարգեւավճարը, որ կարող է տատանվի աշխատավարձի 50-70 տոկոսի սահմաններում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: