Հայերեն   English   Русский  

«Քանի դեռ կառավարությունը չունի հստակ պատասխաններ բարձրացված հարցերին, Ամուլսարի խնդիրը մնում է բաց». Բաբկեն Պիպոյան


  
դիտումներ: 598

Հանրային խորհրդում ստեղծվել է Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Բաբկեն Պիպոյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Կարեն Զադոյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը: Աշխատանքային խմբի համակարգող է ընտրվել Վազգեն Սաֆարյանը:

Աշխատանքային խմբի անդամներն առաջիկա օրերին խմբում կներգրավեն նաև ոլորտի փորձագետների և կսկսեն աշխատանքային քննարկումների շարք՝ համակողմանիորեն ուսումնասիրելու խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի տեսակետները և հետազոտությունների արդյունքները:

Աշխատանքային խմբի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ Բաբկեն Պիպոյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը բազմաշերտ է, ունի ինչպես բնապահպանական ու տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակություն:

«Ժողովրդավարության ուղի և քաղաքացու իշխանություն որդեգրած քաղաքական կուրսի պարագայում առկա են նաև ժողովրդավարության և գործադիր գործունեության թափանցիկության կարևորությանն առնչվող հարցեր»,-նշեց նա:

Պիպոյանի խոսքով՝ կառավարության կողմից նշվում է, որ գործադիր իշխանությունը չունի լծակներ կանխելու հանքի շահագործումը և հանքի շահագործման խոչընդոտներ չեն կարող ստեղծվել առանց իրավական հիմնավորումների: Մինչդեռ, պարզվում է, իրավական հիմնավորումներ կան, այն էլ բազմաթիվ:

«Պետք է ասել, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից բնապահպանական փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերում և դրա հետ առնչվող իրավական ակտերում առկա են մի շարք խախտումներ, բացթողումներ ու անճշտություններ, որոնք վերաբերում են Ջրային և Սևանա լճի օրենսդրությանը, Ջերմուկ առողջարանի մասին օրենսդրությանը, Գնդեվազ, Կեչուտ, Գորհայք և Սարավան համայնքների վրա ազդեցությանն ու իրավական կարգավորումներին, Ընդերքի մասին օրենսդրությանը, Կենդանական աշխարհի մասին օրենսդրությանը, Մարդու իրավունքներին և այլ օրենքների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի»,-ասաց փորձագետը:

Նա գտնում է, որ օրենքի խախտմամբ տրված բոլոր թույլտվությունները և փորձաքննական եզրակացությունները պետք է ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվեն:

«Հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացված տարբեր փորձագիտական եզրակացություններն էլ առաջին հայացքից համադրելի չեն, ավելին, տարբեր կերպ է մեկնաբանվում նաև նոր փորձագիտական մարմնի տված եզրակացությունը, որն ինքնին նոր հարցեր է առաջ բերել, իսկ նոր փորձաքննության համար վճարված գումարը, մեղմ ասած, քիչ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՛նչ տեխնիկական առաջադրանք է դրվել փորձագիտական խմբի առջև և ինչու չկա հստակ դիրքորոշում»:

Անդրադառնալով խնդրի տնտեսական կողմին, ըստ որի հանքի շահագործման կասեցումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսական և ներդրումային դաշտի վրա՝ փորձագետը նկատում է, որ ընդհակառակը, գնահատված չէ հանքի շահագործման պարագայում երկարաժամկետ կտրվածքով դրա բացասական ազդեցությունը մեր երկրի տուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես խաղողագործության և գինեգործության վրա: «Էլ չենք խոսում վավերացված միջազգային կոնվենցիաների խախտման պարագայում Հայաստանի իմիջի վրա հնարավոր ազդեցության մասին»:

Պիպոյանի խոսքով՝ Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը պետք է անդրադառնա այն հարցերին, այն ռիսկերին ու վտանգներին, որոնց վերաբերյալ մինչ օրս կառավարության կողմից հստակ գնահատականներ չեն տրվել:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։

Քննարկման արդյունքում որոշվել էր Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կներգրավվեն նաև ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո կձևավորվի Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: