Հայերեն   English   Русский  

​Ցուցարարների պահանջների ամբողջական բավարարումն ապագայում Լիբանանը կարող է կրկին քաղաքացիական պատերազմի տանել․ արաբագետ


  
դիտումներ: 1021

Հոկտեմբերի 17-ից ի վեր Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում։ Ի սկզբանե զանգերի օնլայն հավելվածները հարկելու մասին որոշման դեմ ծավալված ցույցերը շուտով քաղաքական երանգ ստացան․ ցուցարարներն այժմ պահանջում են իշխանությունների հրաժարականը, արտահերթ ընտրություններ և նոր սահմանադրություն (ներկայում կրոնադավանաբանական համակարգ է գործում, որի պարագայում օրենքով հստակեցված է, թե իշխանության որ ճյուղի ղեկավարը կրոնական որ համայնքից պետք է ընտրվի)։

Լիբանանի վարչապետի ներկայացրած բարեփոխումների փաթեթը և նախագահի բանակցությունների առաջարկը ցուցարարները մերժել են։

«Անկախը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ և ինչու է կատարվում Լիբանանում։

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ է տեղի ունենում Լիբանանում։ Արդյո՞ք տեղի ունեցողը հեղափոխություն է։ Եվ եթե այո, ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։

-Գիտեք, բավականին բարդ է միանշանակ գնահատական տալ, թե ինչ է տեղի ունենում Լիբանանում։ Ակնհայտ է, որ կա համաժողովրդական դժգոհություն, ինչու ոչ՝ ըմբոստություն, և ակնհայտ է, որ այդ ըմբոստությունն ունի կուտակված հիմքեր, ակնհայտ է նաև, որ այդ բողոքների, դժգոհությունների լուծման եղանակը համակարգային փոփոխություններն են։

Իրավիճակի անորոշությունը պայմանավորված է այն քաղաքական համակարգով, որը գործում է այդ երկրում։ Կասկածից վեր է՝ Լիբանանում ստեղծված այս լարվածության և կուտակված բազմաշերտ խնդիրների լուծման ճանապարհը համակարգային փոփոխությունն է։ Բայց համակարգային փոփոխությունը ենթադրում է խարխլել պետական կառավարման այն փխրուն մեխանիզմը, որի հիման վրա մի քանի տասնամյակ է, գործում է այս պետությունը։

-Ցուցարարներն էլ հենց դա են պահանջում, որ սահմանադրությունը և կառավարման կարգը փոխվի։ Նման պարագայում ի՞նչ տեղի կունենա․ միշտ շեշտվում է, որ Լիբանանում փխրուն քաղաքական կայունություն է։

- Իշխանության բոլոր մարմիններն էլ, բոլոր թևերն էլ՝ և կառավարությունը, և խորհրդարանը, և նախագահը, և համայնքների հոգևոր առաջնորդները, բոլորը պաշտպանում և արդարացնում են են ժողովրդի ըմբոստությունը։

Խնդիրն այն է, որ այսօր է, և, հնարավոր է՝ օբյեկտիվ իրավիճակային թելադրանք է, որ լիբանանյան հասարակությունը միասնական է՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը, նոր ընտրություններ և նոր սահմանադրություն։ Բայց հաշվի առնելով լիբանանյան հասարակության, լիբանանյան պետականության առնվազն վերջին տասնամյակների պատմությունը, կարող ենք վստահաբար ասել, որ այս իրավիճակային միասնությունը վաղը կարող է վերանալ։ Հետագայում լիբանանյան հասարակության տարբեր խմբերի մոտ կարող են առաջանալ այլ առաջնահերթություններ, որոնք էլ կարող են հանգեցնել այն նույն խնդիրներին, որն ունեցել է այս հասարակությունը նորագույն պատմության ընթացքում՝ քաղաքացիական պատերազմ, դրանից հետո շատ փխրուն ներքաղաքական իրավիճակ, անկայունություն։

-Այսինքն այսօրվա պահանջների բավարարումը կարող է երկիրը ինչ-որ պահի քաղաքացիական պատերազմի շեմի՞ն հասցնել։

-Այսօրվա պահանջների ամբողջական բավարարումը, այսինքն հրաժարականները և համակարգային փոփոխությունը, ապագայում բազմաթիվ խնդիրների ազդեցությամբ կրկին կարող է ներքաղաքական լուրջ ցնցումներ ու անգամ ներքին զինված հակամարտության շրջափուլ տանել այս երկիրը՝ հաշվի առնելով այն յուրահատկությունները, որ ունի Լիբանանը և լիբանանյան հասարակությունը։

-Իսկ այդ պարագայում ստեղծված իրավիճակում լուծման ուղին ո՞րն է։

-Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել փոխզիջման հիմքով քայլառքայլ բարեփոխումների իրականացումը: Միևնույն ժամանակ, կարելի է կանխատեսել իշխանության տարբեր թևեր ներկայացնող որոշ պաշտոնյաների հրաժարականներ։ Բայց և այնպես հետագա զարգացումների ընթացքի հստակ կանխատեսումը բավական բարդ է։ Սիրիական հակամարտության ազդեցությամբ՝ տարիներ պահանջվեցին, մինչև Լիբանանը հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, ավելի քան 2 տասնյակ անհաջող փորձերից հետո ընտրվեց նախագահ, վարչապետ, ապա ձևավորվեց կառավարություն, անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Հետևաբար կառավարության հրաժարականի դեպքում գործող համակարգի առանձնահատկությունների և կուտակված խնդիրների պարագայում հաջորդ կառավարության ձևավորումը բավական խրթին է լինելու։

Իսկ ցուցարարների մյուս պահանջների՝ սահմանադրության և պետության կառավարման համակարգի փոփոխության գործընթացների հնարավորությունը հազիվ թե Լիբանանը կարողանա անցնցում անցնել ։ Զարգացումներն, ըստ էության, իրավիճակային են լինելու և դրանց արձագանքը նույնպես։

-Անդրադառնանք դժգոհությունների պատճառներին։ Ամեն ինչ սկսվեց սոցիալական խնդրից ու դարձավ քաղաքական։ Որո՞նք են պատճառները։ Բնականաբար պատճառը միայն օնլայն հավելվածների հարկումը չէր։

-Ուռճացված պետական կառավարման համակարգը, համակարգային կոռուպցիան, համակարգային անարդարությունը, սոցիալ-տնտեսական, ֆինանսական խորը ճգնաժամը, դինամիկ աճող արտաքին պարտքը, տարբեր քաղաքական ուժերի միջև պարբերական բախումները, միլիոնավոր սիրիացի փախստականների խնդիրները և այլն, որոնց ուղղությամբ Լիբանանի գործող իշխանությունը չի կարողանում և օբյեկտիվորեն չի էլ կարող լուծում գտնել։ Բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, որոնք բնորոշ են նման եզակի խայտաբղետ էթնոդավանական կազմով ազգաբնակչություն, նման կառավարման համակարգ և արտաքին տարաբնույթ ուժերի նման ազդեցություն, երկար տարիների քաղաքացիական պատերազմ անցած և պայթյունավտանգ արտաքին կոնֆլիկտ ունեցող երկրներին: Թվարկված խորքային նրբությունները փաստացի հանգեցրել են Լիբանանում այնպիսի քաղաքական համակարգի ձևավորման, որը մի կողմից ի զորու չէ լուծելու ժողովրդի առջև կանգնած խնդիրները, բայց մյուս կողմից մեծ դժվարությամբ ապահովում է երկրի քաղաքական կայունությունը։

-Ցույցերն այս անգամ բացառիկ են նրանով, որ համազգային են՝ անկախ կրոնական և համայնքային պատկանելությունից։ Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք միայն սոցիալական գործոնով։

-Լիբանանյան հասարակության միասնությունը ներկայում իրավիճակային է։ Չի բացառվում, որ միասնական ազդեցությանբ տեղի ունենալիք հետագա գործընթացները, որն է նրանց պահանջների իրականացումը և իշխանության բոլոր թևերի հրաժարականը, հետագայում արդեն նոր իշխանության ձևավորման գործընթացում կհանգեցնեն շատ ավելի լուրջ խնդիրների և խորքային տարաձայնությունների, որոնք եղել են ու այսօր էլ շարունակվում են Լիբանանի հասարակության տարբեր խմբերի միջև։

-Լիբանանի վարչապետը բարեփոխումների փաթեթ է առաջարկել, ըստ որի խոստանում են չեղարկել հակաճգնաժամային փաթեթով նախատեսված հարկերը, նվազեցնել պաշտոնյաների աշխատավարձերն ու թոշակները, իսկ անապահով խավին ֆինանսական աջակցություն հատկացնել։ Բայց հայտնի է, որ Լիբանանն ունի մեծ արտաքին պարտք է կանգնած է տնտեսական ճգնաժամի եզրին։ Ինչպե՞ս են այս պայմաններում իշխանություններն իրագործելու իրենց խոստումները։

-Հարցի տրամաբանությունն ընկալում են նաև փողոց դուրս եկած լիբանանցիները, այդ պատճառով էլ չեն հավատում խոստումներին և համոզված են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը կառավարման համակարգի և սահմանադրության փոփոխությունն է։ Գործող համակարգի պայմաններում ինչ ուժեր էլ գան իշխանության, խնդիրները շարունակելու են մնալ՝ կոռուպցիան, ուռճացված կառավարման համակարգը շարունակելու են մնալ, երկրի արտաքին պարտքը շարունակելու է աճել, տնտեսական ճգնաժամը շարունակելու է խորանալ։

-Լիբանանը կարո՞ղ է արաբական գարնան զոհ հերթական պետությունը դառնալ՝ ինչպես օրինակ Սիրիան կամ Լիբիան։

-Դժվար թե, որովհետև այստեղ քաղաքական իշխանության բոլոր թևերը չեն ընդդիմանում ժողովրդական շարժմանը և նրա պահանջներին։ Բոլորը գտնում են, որ ցույցերը իրավունք ունեն լինելու և իրավաչափ է այն, ինչ տեղի է ունենում։ Եվ իշխանությունը զենքի դիմելու հնարավորություն էլ չունի, քանի որ նույն բանակը, ոստիկանությունը ժողովրդի կողքին են և ապահովում են խաղաղ բողոքի գործողությունների ընթացքը։

-Պարոն Պետրոսյան, եթե ինչ-որ փուլում իշխանությունները ցուցարարների հետ որոշակի համաձայնության գան, իշխանություններն արդյո՞ք բարեփոխումների, փոփոխությունների համար բավարար քաղաքական կամք ունեն։

-Քաղաքական կամքը պայմանավորված է լինելու հետագայում ժողովրդի նման ցասումից խուսափելու հեռանկարով։ Եթե մնա այս կառավարությունը, և ժողովուրդը նրան հնարավորություն տա գործելու, որը քիչ հավանական է, ապա այս կառավարությունը, հեռանկարում ունենալով նման ըմբոստության կրկնությունը, այլընտրանյք չունի, քան իրագործելու այն խոստումները, որոնք տվել է։ Իսկ եթե ի վիճակի չլինի իրագործելու, կարծում եմ, որ ինքնակամ հրաժարական կտա։ Բայց և այնպես հիմնական խնդիրն այն է, որ չկա համակարգից դուրս այնպիսի ուժ, որը կկարողանա դառնալ այլընտրանք և ստանձնել պատասխանատվություն այս կառավարության և իշխանության մյուս թևերի հրաժարականից հետո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: