Հայերեն   English   Русский  

Մեր ժամանակի հերոսները,Առավոտ


  
դիտումներ: 542

Տարբեր ժողովուրդներ հարյուրամյակների ընթացքում, օրենքներ գրելուց, ընդունելուց բացի, ձևավորել են հասարակական չգրված բարոյական արժեքներ։

Խոսքը չի վերաբերում, այսպես կոչված նահապետական, ավանդական հասկացություններին (երեխան ապտակով է մեծանում, մարդու ծեծած՝ վարդի ծեծած և այլն)։ Հակառակը․ քաղաքակիրթ երկրներում, եթե որևէ քաղաքական գործիչ հայհոյախառն վիրավորեր իր քաղաքական հակառակորդ կնոջը, ապա այդ գործիչը հասարակության համար կդառնար զրո և նրա առնվազն քաղաքական կարիերան կավարտվեր։

Իսկ այն երկրներում, ուր պարտադիր է զինվորական ծառայությունը, օրինակ Շվեյցարիան, առավել ևս, ինչպես Հայաստանը, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Իսրայելը, եթե ինչ-որ մեկը ( Իսրայելում նաև կանայք) կեղծեր իր անձնական տվյալները, բանակից խուսափելու համար և դրա համար քրեական պատասխանատվություն կրած լիներ, ապա տվյալ անձն ընդհանրապես անհարմար կզգար երևալ հանրության մեջ, էլ չեմ ասում՝ զբաղվեր քաղաքականությամբ։

Միանգամայն այլ է Հայաստանի «հպարտ» քաղաքացիների վերաբերմունքը այդպիսի անձանց նկատմամբ։ Կեղծած փաստաթղթերով բանակից խուսափելու համար պատիժը կրած անձին, բանտից դուրս գալիս, քաղաքական տարբեր գործիչներ դիմավորում են ինչպես հերոսի։

Հետագայում այդ անձին իրեն ազատական հռչակած կուսակցությունը ներառում է ընտրական ցուցակի անցողիկ տեղում և դարձնում պատգամավոր, քաղաքական գործիչ։ Ապա տվյալ անձը սկսում է վայելել իշխանության և հանրության համակրանքը, ելումուտ ունենում տարբեր պետական հաստատություններ, տարածում ստեր, բանսարկություններ, որոնց հիման վրա էլ հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում մարդիկ։

Նա ցանկալի հյուրն է իշխանությանը սպասարկող հեռուստաընկերությունների։ Լրագրողները լայն չռած աչքերով, ընդգծված հարգանքով, ակնապիշ, կեղծ զարմանքով ու «դեմքի խելացի» արտահայտությամբ հարցեր են տալիս նրան և նա ․․․ «շատ բան» իմացողի խորամանկ արտահայտությամբ փչում է, կեղծում, բանսարկություններ տարածում։ Եվ հասարակությունը ծափահարում է․․․

Ավետիք Իշխանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: