Հայերեն   English   Русский  

<Վերադարձ դեպի Գյումրի>. Գյուրջիևյան շարժումը հաստատվում է Գյումրիում


  
դիտումներ: 267

Հոկտեմբերի 29-ին լրանում է համաշխարհային մեծ փիլիսոփա, Ալեքսանդրապոլում ծնված և մեծացած Գեորգի Գյուրջիևի մահվան 70-րդ տարելիցը: Կազմակերպվել է խոնարհումի հուշ-երեկո, որտեղ ներկայացվելու են Գյուրջիևի հայկական ինքնությունը, Ալեքսանդրապոլյան շունչը նրա ուսմունքում և Գյուրջիևյան շարժումը:

<Գյումրու Գյուրջիևյան կենտրոնի> հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանն ասում է այս միջոցառումը կազմակերպելուց առաջ ծանոթացել է գյումրեցի երիտասարդների հետ, ովքեր Գյուրջիևյան շարժումն ու երաժշտությունը հաստանելի են դարձրել Հայաստանում:

- Պարային ներկայացումները Գյուրջիևյան շարժման խմբի համաշխարհային բոլոր կենտրոններում կա, նորույթ չէ, բայց մեր կողմից ներկայացվողը՝ փորձ է, որ մեր քաղաքում նույնպես բեմադրվեն այդպիսի կատարումներ, - ասում է Մելիք-Սարգսյանը:

Գյուրջիևի պարային բեմադրությունները վերականգնել է <Կումայրի> պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Միհրան Բաղդասարյանը:

- Գյուրջիևը մեկնաբանությունն այսպես է տալիս, կա սյուբյեկտիվ երաժշտություն ու նաև պար, կա օբյեկտիվ երաժշտություն ու օբյեկտիվ պար: Նա նկատի ունի կա երաժշտության տեսակ, որ կախված նրանից թե դու որտեղ ես լսում, քեզ մոտ կարող են տարբեր հոգեվիճակներ առաջանալ, կա երաժշտության տեսակ, որ անկախ նրանից, թե որտեղ ես լսում՝ միշտ նույն հոգեվիճակի մեջ է գցում քեզ: Ինքը ստեղծել է մի այնպիսի երաժշտություն ու մի այնպիսի շարժում, որ անկախ քեզանից ամեն անգամ դրան վերադառնալիս՝ նույն հոգեվիճակի մեջ գտնվես. որը թույլ կտա քեզ տիեզերքի էներգիայով լցվել ու գործել կյանքում, - Գյուրջիևյան պարերի մասին նշում է Միհրան Բաղդասարյանը:

Պատմում է, իր պարային ստուդիայում մեկ խումբ է ընդգրկված Գյուրջիևյան շարժման մեջ, որտեղ պարում են դպրոցական երեխաներ ու տարբեր տարիքի երիտասարդներ.

- Գյուրջիևյան շարժման խմբում պարում են և 6-րդ դասարանցի երեխաներ, և 9-10-րդ դասարանցի, և 22-23 տարեկան և 30-33 տարեկան պարողներ: Առաջին հերթին սա ինչ-որ ձևով նաև բողոք է ընդունված կրթական մոդելին, այսինքն, ինչու պետք է բոլորն այս տարիքից գնան դպրոց, այս տարիքում՝ ուրիշ տեղ, այս տարիքում ամուսնանան և այլն: Շատ մարդիկ նույն տարիքում ունեն տարբեր ընդունակություններ, և տարբեր տարիքներում ունեն նույն ընդունակությունները: Մարդուն զարգացման ուրիշ մեթոդ է պետք՝ դպրոցից ու ընդհանուր կրթական համակարգից դուրս: Այս պարերը կարող են լինել մարդու լրացուցիչ զարգացման լուծում:

Գյուրջիևյան շարժումը, պարային այս խմբում 1.5-2 տարվա ընթացքում արդեն ազդեցություն թողել է, որպես օրինակ Բաղսադարյանը ներկայացնում է հիշողության զարգացումը. <Վերցրեցինք 30 օտար լեզվով բառեր, բաժանեցինք երկու մասի: Երեխաները պարապմունքից առաջ նախ լսեցին, հետո թելադրեցինք առաջին 15 բառերը, որ գրեին թարգմանությունները: Նույն փորձարկումն արեցինք պարապմունքի վերջում՝ ու վերջում արդեն երեխաները գերազանցեցին իրենց ցույց տված արդյունքը: Այսինքն, ուզում էինք հստակ ցույց տալ, որ այդ շարժումները կարող են նպաստել հիշողության զարգացմանը:

Գյուրջիևյան պարերն աշխարհի ոչ մի պարային տեսակին չեն վերագրվում, դրանք հենց այդպես էլ կոչվում են՝ Գյուրջիևյան: Առանձնահատուկ է նաև Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը: Մեր օրեր հասած բացառիկ ձայնագրություններ նոտագրել ու երեխաների պարերի համար նվագում է գյումրեցի դաշնակահարուհի Արփինե Խլղաթյանը:

- Գյուրջիևը նաև որպես կոմպոզիտոր է հանդես եկել, բայց քանի որ նոթագրությանը ծանոթ չի եղել, նա դիմել է Թոմաս դը Հարթմանի օգնությանը: Վերջինս նոտագրել է այն ստեղծագործությունները, որոնք Գյուրջիևը թելադրել է իրեն: Բնականաբար, սնվելով, և Ալեքսանդրապոլյան, և առհասարական հայկական, և տիբեթյան մշակույթից, շատ ինքնատիպ ինտոնացիայով երաժշտություն է թելադրել: Ինչպես պարերի դեպքում է՝ այն ոչ մի ուրիշ պարի նման չէ, այնպես էլ Գյուրջիևյան երաժշտությունը առանձնահատուկ է, բայց դրանց մեջ դիտվում են հայկական ինտոնացիները նաև: Մեզ պարզապես ձայնագրություններ են հասել, որոնց որակը շատ վատն է, <Կումայրի> պարային ստուդիայի հետ աշխատելով ես փորձում եմ այդ ամենը նոտագրել, - ասում է դաշնակահարուհին:

<Կումայրի> պարային ստուդիայի կողմից մի քանի ամիս բաց դասեր են անցկացվել, որտեղ փորձ է արվել ցույց տալ, թե Գյուրջիևյան շարժումն ինչպես է ազդում ժամանակակից մարդու վրա:

- Դժվար ճանապարհով մտածելու հնարավորություն է տալիս նա: Այսինքն, էվոլյուցիայի ընթացքում մարդը ենթագիտակցորեն պահպանել է հատկություն, ինքնապաշտպանողական ռեֆլեքս և շատ հարցերի դեպքում մենք երկար ճանապարհով չենք մտածում, քանի որ մարդը երկար մտածելու ժամանակ շատ էներգիա է ծախսում: Գյուրջիևյան շարժումների տրամաբանությունը այնպես է կառուցված, որ մի ձեռքով մի գործողություն ես կատարում, մյուսով՝ ուրիշ, ոտքերով այլ: Բեմադրություններում էլ՝ մի շարքը ուրիշ բան է կատարում, մյուսը՝ ուրիշ: Այսինքն, գլխուղեղի երկու կիսագնդերն էլ ամբողջությամբ պետք է ակտիվանան և մեկը մյուսից անկախ աշխատեն: Սկսում են նոր նեյրոնային հանգույցներ ձևավորվել, քանի որ առօրյա կյանքում մենք այդ շարժումները չենք կատարում, ու այդ ընդհանուրը տանում է գիտակցության ընդլայնման ու զարգացման, նաև սովորույթ է առաջնում դժվար ճանապարհով մտածելու: Կարծում եմ, 21-րդ դարի մարդու մոտ այս շարժումը կարևորագույն դեր պետք է խաղա, - ասում է Միհրան Բաղդասարյանը:

Գյուրջիևի <Էզոթերիկ քրիստոնեություն> ուսմունքն ու դարասկզբին Փարիզում բացված <Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտի> գործունեությունը, ինչպես նաև նրա բազմաթիվ աշխատությունները հսկայական ազդեցություն են ունեցել Արևմուտքի հոգևոր մշակույթի վրա: Գյուրջիևյան կենտրոններ են գործում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ավետիք Մելիք-Սարգսյանի ջանքերով մոտ 2 տասնամյակ առաջ Գյումրիում ստեղծվեց Գյուրջիևյան կենտրոն, և այսօր էլ աշխատանքներ է տանում Գյուրջիևի հայկական ինքնությունը աշխարհին ներկայացնելու համար:

- Մեր կենտրոնը կարողացավ տարիներ շարունակ աշխարհին ներկայացնել այդ փիլիսոփայության, Գյուրջիևյան ուսմունքի ակունքների, ծագման խնդիրը, որը ամենակարևորներից մեկն է: Գյումրջիևյան շատ կենտրոններ, աշխարհի տարբեր հատվածներում, կարծես, շրջանցում են Գյուրջիևին վերաբերող մեր մասին տեղեկությունը: Բայց Գյուրջիևն իր աշխատություններով ու գրքերով է հիմնավորել Ալեքսանդրապոլի ազդեցությունն իր կյանքի և ուսմունքի վրա, - ասում է Մելիք-Սարգսյանը:

Այս աշխատանքների արդյունքում Ավետիք Մելիք-Սարգսյանին հաջողվել է գտնել Գյուրջիևի դուստր Դուշկա Հովարդին, ով ապրում է ԱՄՆ-ում:

Գյումրիում դեռևս պահպանվում են մեծ փիլիսոփայի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանը և Գյուրջիևի հայրական տունը: Մելիք-Սարգսյանը նաև Գյուրջիևների ընտանիքին վերաբերող փաստաթղթեր է գտել Հայաստանի պետական արխիվում: Ըստ նրա, շատ կարևոր է, երբ ամբողջ աշխարհը մասնակից է դարձած Գյուրջիևյան շարժման, նաև իմանա և ընդունի Գյուրջիևի ծննդավայր Ալեքսանդրապոլ-Գյումրիի և այնտեղ նրա կյանքի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: