Հայերեն   English   Русский  

Թիվ մեկ ահաբեկչին ոչնչացնելով Թրամփը մեծացրեց հաղթելու իր շանսերը․ Սուրեն Սարգսյան


  
դիտումներ: 328

«Նա գոռում ու լացում էր և մեռավ շան նման»,- ահա այսպիսի խոսքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին։ Չնայած Բաղդադիի հնարավոր մահվան մասին հայտարարվել է շուրջ 2 տասնյակ անգամ, սակայն այս անգամ կարծես թե նա իսկապես մահացել է՝ Թրամփի խոսքով մահացած ահաբեկչի մնացորդների գենետիկական անալիզները դրական պատասխան են տվել։

Բաղդադիի սպանությունից օրեր առաջ Թրամփի որոշմամբ ամերիկյան զինված ուժերը հետ էին քաշվել Սիրիայում իրենց զբաղեցրած տարածքների մի մասից՝ հնարավորություն տալով թուրքական ուժերին ռազմական գործողություն ծավալել ԱՄՆ դաշնակից քրդերի դեմ։ Թրամփին այս որոշման համար քննադատում էին անգամ իր կուսակիցները։ Եվ ահա, Բաղդադիի սպանությունը նժարի կշեռքը կարծես կրկին թեքում է Թրամփի կողմը՝ ապացուցելով, որ զինված ուժերի դուրսբերմամբԱՄՆ-ի դիրքերը Սիրիայում և Մերձավոր Արևելքում չեն թուլացել։

«Անկախի» հետ զրույցում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանընշում է, որ Բաղդադիի սպանությունը պետք է մի քանի հարթություններում դիտարկել։ «Ամենակարևոր հանգամանքն այստեղ այն է, որանգամ եթե ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է հանում Սիրիայից, դա բոլորովին չի նշանակում, որ տարածաշրջանում կամ Սիրիայում հետաքրքրություններ չունի և չի կարող սպասարկել իր շահերն առանց Սիրիայի տարածքում ֆիզիկապես զորք ունենալու։ ԱՄՆ-ն մերձավորարևելյան մի շարք պետություններում ունի ռազմաբազաներ և այդ առումով ֆիզիկապես զորքի՝ Սիրիայում գտնվելըայնքան էլ մեծ հարցեր չի լուծում, ինչպես կարելի է ենթադրել»,- ասում է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մեր օրերի գլխավոր ահաբեկչի սպանությունը կարող է նաև մեծ դերակատարություն ունենալ ԱՄՆ ներքաղաքական կյանքում։ Առաջիկայում ընտրություններ են սպասվում, և Թրամփն արդեն լուրջ պայքար է սկսել վերընտրվելու համար։ «Կարծում եմ՝ թիվ մեկահաբեկչին ոչնչացնելով Թրամփը մեծացրեց հաղթելու իր շանսերը, ինչպես ժամանակին արեց Օբաման ոչնչացնելով Բեն Լադենին»,- ասում է նա։

«Գլոբալ առումով Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հետաքրքրություններն այս տարածքում, վերահաստատում է իր անզիջում պայքարը ահաբեկիչների դեմ»,- ասում է Սարգսյանը։

Այսքանով հանդերձ, Սարգսյանի կարծիքով Բաղդադիին սպանելու ժամանակը հատուկ չի ընտրվել, պարզապես համընկել է։

Օրերս հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է ուղարկելու Սիրիա, որոնք և կապահովեն Եփրատի ափին ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթահորերի անվտանգությունը։ Սարգսյանի կարծիքով՝ այս քայլը և ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելը միմյանց չեն հակասում։

Ասում է, որ ԱՄՆ համար կենսական նշանակություն ունեցող նավթահորերի անվտանգությունը կարող են ապահովել և հատուկ նշանակության ուժերը։Հետևաբար տարածքում մեծ ռազմաբազա ունենալու անհրաժեշտություն չկա։

«Սիրիայում ԱՄՆ շահերը սպասարկելու համար մի քանի հարյուր զինվորականները բավարար են, հետևաբար 3000 զինվորականներից բաղկացածկոնտինգենտը պարտադիր չէ, որ գտնվի Սիրիայում»,- ասում է նա։

Սարգսյանը շեշտում է, որ նախընտրական փուլում Թրամփը խոստացել է դուրս բերել ամերիկյան զորքերը տարբեր երկրների տարածքներից։

«Նա նաև բազմիցս հայտարարել է, որ այս պատերազմը Միացյալ Նահանգների պատերազմը չէ, ԱՄՆ-ն գտնվում է այնտեղ միայն որպեսզի ոչնչացնի Իսլամական պետությունը։ Եվ մեծ հաշվով արել է դա՝ լուրջ հարված է հասցրել,առաջնորդին է վերացրել և բոլոր բարոյական իրավունքներն իրեն վերապահել է դուրս գալու համար։ Այստեղ որևէ հակասող բան չեմ տեսնում, ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պլանավորված է»,- ասում է Սարգսյանը։

Նա կրկին շեշտում է, որ զորքերի դուրսբերումը Սիրիայից, սակայն, չի նշանակում, որ ԱՄՆ-ն Սիրիայում այլևս հետաքրքրություններ չունի կամ չի կարող սպասարկել իր շահերը․ կան բազմաթիվ զինված խմբավորումներ, դաշնակիցներ, որոնք պատրաստ են սպասարկել ԱՄՆ շահերը։

Հարցին, թե այս իրավիճակում ԱՄՆ-ն Սիրիայում ի վերջո կորցնողի, թե հաղթողի դերում է, Սարգսյանը պատասխանում է՝ ժամանակը ցույց կտա։

Հարցին, թե միթե ԱՄՆ կողմից վերահսկվող տարածքների մի մասը Թուրքիային թողնելը դիրքերի ու ազդեցության կորուստ չեն, Սարգսյանը բացասական պատասխան է տալիս։

«Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որքան էլ այսօր լարված հարաբերություններ ունեն, ռազմավարական դաշնակիցներ են ևՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ են։Եթե նրանց հարաբերություններն այսօր վատ են, դա չի նշանակում, որ վաղն էլ են վատ լինելու»,- ասում է նա։

Սարգսյանը նաև հավելում է, որ այդ նույն սկզբունքով, եթե այսօր ռուս-թուրքական հարաբերությունները ջերմ են, չի նշանակում, որ վաղն էլ է այդպես լինելու, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները զիգզագաձև են զարգացել, այսինքն մեկ լավ են եղել, մեկ վատ։

Անդրադառնալով քրդերի հետ համագործակցության հնարավորություններին թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի համար, Սարգսյանն ասում է, որ Սիրիայի քրդական զինված ուժերը միատարր չեն, տարբեր խմբավորումներ ու կազմակերպություններ կան, հետևաբար քրդերի հետ կարող են համագործակցել նշված երկու երկրներն էլ։

«ԱՄՆ և քրդական միավորումների շահերը դեռևս կարող են համընկնել, չէ որ «Իսլամական պետություն» խմբավորումը դեռևս վերջնական ոչնչացված չէ, եթե նրա պարագլուխը չկա, չի նշանակում, որ խմբավորումը նոր պարագլուխ չի ունենալու և գործունեություն չի իրականացնելու»,- ասում է նա։

Սարգսյանը չի բացառում, որ կոնկրետ թիրախների հարվածելու, այդ թվում և Իսլամական պետության դեմ տարվող պայքարում քրդերը կարող են դաշնակիցներ դառնալ նաև Ռուսաստանի հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: