Հայերեն   English   Русский  

​Լիբանանի վարչապետը հայտարարեց իր հրաժարականը


  
դիտումներ: 297

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ ողջ կառավարության հրաժարականն է ներկայացնում երկրի նախագահ Միշել Աունին զանգվածային ցույցերի դրդապատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Al-Mayadeen հեռուստակայանի եթերում Հարիրին հայտարարել է, որ իրավիճակը փակուղի է մտել, իր որոշումն արտահայտում է շատ լիբանանցիների կամքը:

«Իմ հրաժարականի հարցը նախագահի տրամադրության տակ է»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, ցուցարարները փակում են մայրաքաղաքի ճանապարհները և բարիկադներ կառուցում այն մայրուղիներում, որոնք կապում են երկրի հյուսիսային և հարավային շրջանները:

Ցույցերի մասնակիցները կոչ են անում արձակել կառավարությունն ու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նրանք պահանջում են հրաժարվել քաղաքականությունում կոնֆեսիոնալ քվոտաների համակարգից, քանի որ շատերը երկրի կառավարման անարդյունավետության պատճառը հենց դա են համարում:

Մի քանի համալսարաններ դադարեցրել են պարապմունքները, փակվել են բանկերը:

Ի պատասխան հակակառավարական հանրահավաքներին Հարիրին հոկտեմբերի 21-ին հայտարարեց մի քանի բարեփոխումներ, այդ թվում և նախարարների և պատգամավորների աշխատավարձերի նվազեցում 50 տոկոսով: Վարչապետը խոստացավ օրենք նշակել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կոմիտե ստեղծելու մասին: Իշխանությունները խոստացան նաև լրացուցիչ 20 մլրդ լիբանանյան լիրա (ավելի քան 13 մլն ԱՄՆ դոլար) հատկացնել ամենաաղքատ ընտանիքների նպաստներին:

Չնայած այս հայտարարություններին՝ ցույցերը շարունակվեցին: Ըստ որոշ տվյալների՝ դրանց մասնակցում է երկրի ավելի քան 4 մլն մարդ կազմող բնակչության գրեթե կեսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: