Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ-ի դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կապակցությամբ


  
դիտումներ: 116

Անկարայում ամերիկյան դեսպան Դևիդ Սաթրֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձև ընդունելու հետ:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 405 պատգամավոր, դեմ՝ 11: Բացի այդ, պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Սիրիայում կատարած ռազմական գործողության, ինչպես նաև ռուսական С-400-ներ գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին:

Նոր պատժամիջոցները կվերաբերեն թուրքական Halk Bankasi կամ Halkbank բանկերին, բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ պաշտպանության նախարարը, ինչպես նաև կարգելափակվեն պաշտոնյաների բանկային հաշիվները: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է հետագա քննարկման համար ներկայացնել Կոնգրեսին ԱՄՆ-ում Թայիփ Էրդողանի ընտանիքի ակտիվների տվյալները:

Թուրքիան խիստ քննադատել է այդ քայլերը, երկրի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն դա որակել է Վաշինգտոնի վրեժխնդրություն սիրիական քրդերի դեմ «Խաղաղության ակունք» գործողության համար:

XIX դարավերջին և XX դարասկզբին Օսմանյան կայսրությունը պարբերաբար հալածել է հայերին, գրում է «ՌԻԱ նովոստին»: Մասնավորապես 1915 թ., ըստ մի շարք պատմաբանների, սպանվել է ավելի քան միլիոնուկես հայ: Ցեղասպանությունը ճանաչել է 23 պետություն, նաև Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

ԱՄՆ-ն փաստացի միացել է նրանց 1951 թ., երբ Վաշինգոտնը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ի պաշտպանություն ցեղասպանության զոհերի (հայերի, քրիստոնյաների, հրեաների և լեհերի): 1981 թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես օգտագործել է այդ եզրույթը, սակայն հետագա նախագահները հրաժարվեցին դրանից: Այսօր 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակում դա առայժմ տեղի չի ունեցել:

Թուրքիան ավանդաբար հերքում է մեղադրանքները և չափազանց հիվանդագին ընդունում քննադատություններն այդ կապակցությամբ: Անկարան համառորեն մերժում է «ցեղասպանություն» եզրույթը 1915 թվականի դեպքերի առնչությամբ՝ հայտարարելով, որ դրանց զոհն են եղել ոչ միայն հայերը, այլև թուրքերը: Թուրքիան նաև կոչ է անում պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծել, որպեսզի ուսումնասիրի երկրում եղած փաստաթղթերը և անաչառ մոտեցում մշակի Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: