Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ ՄԻՊ-ի առաջարկները


  
դիտումներ: 148

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ուսումնասիրությունը վկայում է, որ նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է՝

∙ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի և քնի իրավունքը,

∙ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի, ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,

∙ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,

∙օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,

∙պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման խոչընդոտը:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:

Նախագծի այլ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նկատառումները կներկայացվեն կարծիքի տեսքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: