Հայերեն   English   Русский  

Այսօր արևավառ պոետի ծննդյան օրն է


  
դիտումներ: 3087

Այսօր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:

Մեծ պոետը ծնվել է 1987 թվականի մարտի 13-ին` Կարսում:

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։

Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։

...Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված -
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար -
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...

Մեծերը` Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:

Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Ավ. Իսահակյան

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
Լուի Արագոն

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:
Վիլյամ Սարոյան

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:
Մարտիրոս Սարյան

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:

… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Իլյա Էրինբուրգ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: