Հայերեն   English   Русский  

Քաղաքացիների ընդվզումները դուռ բացեցին երկրում բարեփոխումների համար. Լիբանանի նախագահ


  
դիտումներ: 127

Քաղաքացիների զանգվածային ընդվզումները կարևոր բարեփոխումների դուռ բացեցին Լիբանանում: Այսպիսի հայտարարություն է արել երեկ՝ հոկտեմբերի 30-ին, հանրապետության նախագահ Միշել Աունը, երբ հանդիպել է մարոնիտական քրիստոնեական համայնքի քաղաքական գործիչների հետ:

«Լիբանանը մաքուր կառավարություն կունենա, իսկ եթե նրա ստեղծման ճանապարհին խնդիրներ ծագեն, ապա մարդիկ կվերադառնան հրապարակներ»,- մեջբերում է Աունի խոսքը ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը:

Ինչպես նշել է նախագահը, «սոցիալական կլիման երկրում փոխվում է, և լիբանանցիներն այժմ բաց խոսում են այն մասին, թե ինչն է հուզում իրենց»: Աունը խոստացել է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ՝ ընդգծելով, որ «բոլոր պաշտոնյաները, որոնք կասկածվում են պետական միջոցների անօրինական յուրացման մեջ, կկանգնեն դատարանի առջև»:

Մարոնիտների լիգայի ղեկավար, նախկին պատգամավոր Նիամեթուլլա Աբի Նասըրը ողջունել է պետության ղեկավարի՝ ընդվզման շարժման առաջնորդների հետ երկխոսության մեջ մտնելու նախաձեռնությունը: «Բոլոր լիբանանցիներն այս պատասխանատու պահին պետք է համախմբվեն նախագահի շուրջը և նպաստեն նոր կառավարության ստեղծմանը, որը կապահովի տնտեսական վերելքը»,- ասել է նա:

Երեկ Աունը հայտարարեց վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելու մասին և հանձնարարեց նրան կատարել իր պարտականությունները մինչև նոր կաբինետի ստեղծումը: Ինչպես հաղորդեց Al-Hadath հեռուստակայանը, Հարիրիին, որ հանդիսանում է հասարակական-քաղաքական «Ալ-Մուսթաքբալ» շարժման առաջնորդը, ամենայն հավանականությամբ կրկին կհանձնարարվի ձևավորել Լիբանանի կառավարությունը: Ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը, արդեն հայտնել է, որ ընդունել է այդ նշանակումը, սակայն ընդգծել է՝ պնդելու է, որ ստեղծվի տեխնոկրատների կառավարություն, որի կազմում չեն լինի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Երեկ Լիբանանի զինծառայողները և անվտանգության ուժերը բացեցին մայրաքաղաքի բոլոր ավտոճանապարհները: Կառավարության հրաժարականից հետո փողոցային ցույցերի ալիքը Բեյրութի կենտրոնում սկսեց մարել: Ինչպես հայտարարված է, այսօր իրենց աշխատանքը կվերականգնեն լիբանանյան բանկերը և կառավարության հաստատությունները, կբացվեն դպրոցները, քոլեջները և համալսարանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: