Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ այս իշխանությունը չի կարող երկար գոյատևել


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 465

Երբ քաղաքական համակարգը ճեղքվում է, ապա նման երկրներում իշխանությունը չի կարող կայուն լինել։

Դրանում կարող ենք համոզվել թեկուզ մեր վերջին ժամանակաշրջանի պատմությանը ուշադիր նայելուց։

1996-ի ընտրական կեղծիքների հետևանքով խաթարվեց քաղաքական համակարգի բնականոն ընթացքը։ Ցանկացած անարդարություն և անօրինականություն անհաշտ թշնամություն է ստեղծում։

1996-ի հետևանքով առաջացավ պահանջ դուրս մնացած քաղաքական դաշտի հետ գալ կոմպրոմիսի, որի համար 1998-ին զոհաբերվեցին Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադաղյանը և ՀՀՇ-ի քաղաքական թևը, իրենց գործարար կցորդներով։

2008-ին դուրս մնացած թևը, իր բիզնես դասով փորձեց ռևանշի հասնել, ինչը վերջացավ հայտնի իրադարձություններով։

Սերժ Սարգսյանը փորձեց կոմպրոմիսի գալ։ Նա երկխոսություն սկսեց դուրս մնացածների հետ, նրանց վերադարձրեց խորհրդարան, սակայն չկարողացավ այդ հատվածի ամբիցիաները բավարարել։ Մյուս կողմից, խախտելով պայմանավորվածությունները, գնաց երրորդ ժամկետի՝ վարչապետի կարգավիճակով, ինչը գործող համակարգում նոր ճեղքումներ առաջացրեց։ Դա վերջացավ 2018-ի իշխանափոխությամբ։

Գործող վարչապետը, քաղաքական անհեռատես ագահություն ցուցաբերելով, արագացրեց խորհրդարանական ընտրությունները, և ամբողջապես վերցրեց գործադիր ու օրենսդիր իշխանությունը։ Խորհրդարանում մնաց մեկ ինքնուրույն ուժ, ի դեմս Բարգավաճ Հայստանի։ Մնացածները դուրս մնացին։

Այդ խորհրդարանը չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական պատկերը։ Ավելին, խորացնելով առճակատումը, ունենալով միասեռ խորհրդարան, վարչապետը քաղաքական գործընթացները տեղափոխեց խորհրդարանից դուրս։

Այս իրավիճակը նոր ցնցումների հիմք է հանդիսանում և այդպես երկար շարունակվել չի կարող։ Կամ ապագայում քաղաքական գործընթացները փողոցում կծավալվեն՝ ստանալ ավելի կրքոտ տեսք, կամ նոր, ավելի բազմասեռ խորհրդարան կազմելու համար արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Երրորդ տարբերակ չկա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: