Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը․ դատարանում է նաև Ալեն Սիմոնյանը


  
դիտումներ: 40

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 1-ին, վերսկսվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։

Դատարանում էին նաև տուժողներ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ղազարյանը, որոնք նախկինում այդ գործով դատական նիստերին չեն ներկայացել, քիչ անց նաև ներկայացավ տուժողներից Ասատուր Եսայանը։

Դատական նիստի մեկնարկին ներկայացվեց գործով տուժողներից Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի գրությունը, որտեղ նա նշում էր, որ առողջական խնդիրներ ունի և խնդրում էր հետաձգել դատական նիստը։ Դատարանը, սակայն, որոշեց շարունակել դատական նիստը առանց նրա․ «Մասնավորապես, դատարանի որոշումը պատճառաբանված է նրանով, որ տուժողի ներկայացուցիչ Եգորյանը առաջին դատական նիստին է ներկայացել, մյուս դատական նիստերի մասով վերջինիս հետ նույնիսկ համաձայնեցվել է հաջորդող դատական նիստերը մինչ նշանակելը, բայց նա չի ներկայացել դատական նիստերին։ Սույն քրեական գործով դատարանը գտնվում է այն դատական փուլում, որ գործի նյութերն են ուսումնասիրվում եւ հրապարակվում, հետագայում դատավարության կողմերը զրկված չեն իրենց դիրքորոշումները հայտնելուց հետագա փուլերում՝ հաշվի առնելով, որ նրանք գործի նյութերն ունեն ամբողջ ծավալով»,-նշեց դատավորը։

Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018 թվականին հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին եւ 22-ին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետեւանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: