Հայերեն   English   Русский  

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է. 593 չկրկնվող թեկնածու է առաջադրվել


  
դիտումներ: 46

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է: Առաջադրման փուլը պաշտոնապես մեկնարկել էր 2019թ. մայիս 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու եւ արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ եւ կայուն աշխարհի ստեղծման: Մեկնարկից սկսած հարյուրավոր առաջադրումներ են ստացվել, որոնցից 593 չկրկնվող, եզակի թեկնածուներ են:

Անդրադառնալով առաջադրումների ընթացքին՝«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին ասել է. «Առաջադրումները, որոնք ստացել ենք, ներկայացնում են 593 չկրկնվող թեկնածուների: Նրանցից յուրաքանչյուրը բացառիկ է յուրովի: Եվ կարծում եմ, արդար կլինի ասել, որ մենք էլ՝ որպես Ընտրող հանձնաժողովի անդամներ, մեր անելիքն ունենք: Ամեն տարի մենք շարունակում ենք ավելի ու ավելի հետաքրքիր պատմություններ բացահայտել անվախ ու սրտացավ մարդկանց մասին, որոնք վտանգում են ամեն ինչ՝ ուրիշներին օգնելու համար: Ինչ խոսք, սա ոգեշնչող է: Ու քանի որ «Ավրորա» շարժումն անընդհատ մեծանում է, մենք մտադիր ենք շարունակել պատմել այս անհայտ հերոսների՝ մարդասերների անհավանական նվաճումների մասին, որպեսզի աշխարհը ճանաչի նրանց»:

Բոլոր առաջադրված թեկնածուներին այժմ կուսումնասիրի եւ կգնահատի մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք կառանձնացնեն հավանական թեկնածուներին, որոնք, ըստ նրանց, ամենաարժանին են «Ավրորա» մրցանակին: Գնահատման գլխավոր չափանիշներն են խիզախությունը, նվիրվածությունը եւ ազդեցությունը, որոնք դրսեւորել են առաջադրված թեկնածուները: Դրանից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կընտրի 2020թ. «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները կհայտարարվեն 2020թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը:

Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենը: Հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի

Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

2020թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2020թ. ապրիլի 24-ին, որին կհետևեն մի շարք միջոցառումներ՝ մեծարելու մարդասերներին եւ «Ավրորա» մրցանակի հավակնորդներին: Միջոցառումները կեզրափակվեն 2020թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: