Հայերեն   English   Русский  

​Գյումրին տնակներից ազատելու ծրագիր դեռ չկա


  
դիտումներ: 333

2018-ի դեկտեմբերի 7-ին, երբ կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ գումարեց ու վարչապետ Փաշինյանն էլ հանձնարարեց ստեղծել հանձնաժողով,

որը հաշվառելու, ուսումնասիրելու էր Գյումրու տնակներն ու այնտեղ բնակվող ընտանիքների պատմությունը,մեկ նպատակի մասին էր խոսվում՝ հստակ տեսնել պատկերը և խնդրի լուծման քայլեր ձեռնարկել: Այդ գործընթացի համար էլ սահմանվեց վերջնաժամկետ՝ մինչև 2019-ի հունիս: Գյումրու քաղաքապետարանը տնակ առ տնակ փաստագրել, քարտեզագրել ներկայացրել է, հանձնաժողով էլ ուսումնասիրել, եզրակացություն կազմել ու ներկայացրել է վարչապետին:

Գյումրիում հաշվառվել է 2858 տնակ, որից մոտ 800-ը քարաշեն է, մոտ 300-ն էլ չբնակեցված: Գյումրու ՛՛Երկխոսության մեդիա կենտրոնում՛՛ քննարկման ժամանակ այդ նույն հանձնաժողովի անդամ Վահան Թումասյանը նշել է հետևյալը. ՛՛Կա նաև երկրորդ հանձնաժողովը, որը ղեկավարում է կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը: Առաջին հանձնաժողովի կողմից ուսումնասիրված ու վերլուծված ամբողջ փաթեթը փոխանցվել է այս հանձնաժողովին: Նրանք եղած տեղեկատվության հիման վրա քայլեր են մշակելու: Քաղաքային համայնքների համար դեռևս ծրագիր չկա՛՛:
Դեռ արտագնա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՛՛հարկավոր է ռազմավարական փաստաթուղթ՝ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին: Եվ ռազմավարությունը նաև պետք է պատասխանի, թե ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՛՛: Թեև հենց այդ ժամանակ էլ չէր նշվում, թե նոր կառավարությունն ինչ ժամկետներում է տեսնում աղետի գոտում անօթևանության խնդրի լուծման և տնակներից ազատման գործընթացը: Բայց այն, որ մեկ տարի է միայն տնակների հաշվառում է կատարվում, ինչի զգալի աշխատանքը նախապես կատարել էր Գյումրու քաղաքապետարանը՝ սեփական նախաձեռնությամբ, և որևէ հստակ ծրագրի մասին խոսք չի գնում, ենթադրել է տալիս՝ պետությունը ծրագիր չունի:
Վարչապետի հայտարարություններից հետո Գյումրիում մեծ ոգևորություն էր, մարդկանց մոտ նորից հույս էր արթնացել, թե բնակարան են ունենալու, որ իրենց կյանքի միայն 32 տարին են տնակում ապրելու...
Բայց...
Վահան Թումասյանը նշել է, որ առաջիկա 100 տարում Գյումրիում տնակները կպահպանվեն: իսկ հանձնաժողովում շրջանառվող նախագծերից մեկը վերաբերում է դատարանի վճռով Գյումրին տնակներից մաքրելուն: Այդ նախագծով առաջարկվում է դիմել դատարան և իրավունք ստանալ քանդել այն բոլոր տնակները, որոնց դռները փակ են:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: