Հայերեն   English   Русский  

Թուրքիան ունի երկար ժամանակով Սիրիայի տարածքում մնալու մտադրություն. թուրքագետ


  
դիտումներ: 1160

«Քրդերն ընտրեցին իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը, որի պարագայում ամենաքիչ վնասները կունենային։ Ճիշտ է, քրդերը կորուստներ ունեցան, սակայն այս իրավիճակն իրենց համար չարյացփոքրագույնն է»,- ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ մեկնաբանելով, թե արդյոք Սիրիայում ուժերի հերթական վերադասավորման արդյունքում հիմնական տուժողը քրդերն են։

«Այս իրավիճակում, եթե ռուսները ժամանակին ինչ-որ բան չանեին, գուցե ավելին կորցնեին։ Գուցե սա հաղթանակ էր քրդերի համար ստեղծված իրավիճակում, քանի որ նրանք չէին կարող դիմագրավել թուրքական այս հարձակմանը և ինչ-ինչ զիջումների պետք է գնային»,- ասում է Իսպիրյանը՝ հավելելով, որ չնայած որոշակի կորուստներին՝ քրդերին հաջողվել է պահպանել իրենց ուժերը։ Մինչդեռ Թուրքիան մասամբ է կարողացել իրագործել իր առջև դրված նպատակները։

Իսպիրյանն ասում է, որ Թուրքիան նախատեսել էր ոչնչացնել Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումները, որոնց ինքը համարում է Քրդական բանվորական կուսակցության ճյուղը։ Բայց դա չստացվեց։ Չի հաջողվել նաև ոչնչացնել «մինչև վերջին ահաբեկիչը», ինչպես հայտարարվել էր։ 480 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ անվտանգության գոտին էլ մասամբ է կյանքի կոչվել։

Խոսելով Թուրքիայի կողմից իրականացված «Խաղաղության ակունք»ռազմական գործողության նպատակների ու դրդապատճառների մասին՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ Թուրքիայի համար թիվ մեկ գերխնդիրը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ քրդական հարցն է։ «Թուրքական պետությունն իր անվտանգության շահերից ելնելով չի կարող որևէ կերպ իր սահմաններին մոտ ընդունել քրդական որևէ ինքնավարություն կամ պետականություն»,- ասում է Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյան

«Այս հարցում Թուրքիան միայնակ չէ։ Որքան էլ լարված լինեն հարաբերություններն իր հարևանների հետ, այս հարցում բոլոր այդ պետություններն ունեն ընդհանուր հետաքրքրություն։ Նույն կերպ քրդական պետականություն չեն ուզում տեսնել թե Սիրիայում, թե Իրաքում, թե Իրանում, որտեղ կան քրդեր և կա տարածքային ամբողջականության հարց»,- ասում է նա և հավելում, որ քրդական հարցը միավորում է տարածաշրջանային պետություններին իրենց ունեցած տարաձայնություններով հանդերձ: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում Սիրիայի և Թուրքիայի հետաքրքրությունները համընկան քրդական հարցում։

Սիրիայում նախաձեռնած ռազմական գործողությունը, սակայն, ուներ թե արտաքին և թե ներքին դրդապատճառներ: Ռազմական գործողությունից առաջ Էրդողանի վարկանիշը անկում էր ապրում, այդ թվում և երկրում ստեղծված տնտեսական ոչ բարվոք պայմանների պատճառով:

Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ Սիրիայում իրականավցված ռազմական գործողությունների հիմնական շարժառիթներիցմեկը Էրդողանի վարկանիշի խիստ անկումն էր։ «Մյուս ոչ պակաս կարևոր շարժառիթը քրդերի դեմ պայքարն էր։ Երկու գործոնների համընկման արդյունքում էլ տեղի ունեցավ «Խաղաղության ակունք» կոչվող գործողությունը»,- ասում է նա։

Անդրանիկ Իսպիրյան

Իսպիրյանը նշում է, որ պատերազմներն ունեն քաղաքական տարբեր ուժերին և հասարակությանն իշխանության շուրջ համախմբելու նշանակություն և գոնե չեն թողնում, որ հաջողություն արձանագրած իշխանության վարկանիշն ընկնի։ Նույնը տեղի ունեցավ և Թուքրիայում՝ Էրդողանըոչ միայն ներքին համախմբման հասավ, այլ անգամ իր ընդդիմադիրներից դրական գնահահատանքի արժանացավ։

Գևորգ Պետրոսյանն էլ շեշտում է, որ Թուրքիայի շատ արտաքին քաղաքական քայլեր պայմանավորված են ներքին քաղաքականությամբ, ինչը և Սիրիա ներխուժման հիմքերից մեկն էր:

«Տնտեսական խնդիրները, որ կային, հիմա էլ որևէ տեղ չեն կորել:Ավելին, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա սրումը բացասաբար է անդրադառնալու Թուրքիայի տնտեսության վրա»,- ասում է Պետրոսյանը և հավելում, որ ներքին քաղաքականության տեսանկյունից էրդողանի համար խիստ կարևոր էր ցանկացած հաջողություն սիրիական ճակատում` բավարարելու իր ազգայնական ընտրազանգվածին և բարձրացնելու իր վարկանիշը:

Չնայածարձանագրածհաջողություններին` Թուրքիանիրնախապեսհայտարարածնպատակներըմասամբ է իրագործել: Ուստի«Անկախը» հետաքրքրվեց թուրքագետներից, թե արդյոք Թուրքիան կբավարարվի ձեռքբերածով, թե կշարունակի աշխատել Սիրիայի տարածքում ստեղծած անվտանգության գոտու ընդլայնման ուղղությամբ:

Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` քիչ հավանական է, որ Թուրքիան նույն ֆորմատով պատերազմ կսկսի, բայց որ դեռ տարբեր ռազմական գործողություններ կլինեն, փաստ է։ Թուրքագետը շեշտում է, որ անգամ ներկայիս ռուս-թուրքական պայմանավորվածություններով տեղ է թողնված Թուրքիայի հետագա հնարավոր գործողությունների համար՝ եթե քրդերը չկատարեն իրենց պայմանավորվածությունը, կհայտնվեն Թուրքիայի թիրախում։

«Եթե վերցնենք, որ բավականին մաքսիմալիստական ծրագիր էր հռչակել, դրա ամբողջական իրագործումը կարող էր ֆանտաստիկ հաջողություն լինել Թուրքիայի համար։ Պարզ էր, որ Թուրքիան ոչ միայն տեղում է դիմադրության հանդիպելու, այլև կան այլ խաղացողներ, այդ թվում ԱՄՆ և ՌԴ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- ասում է Պետրոսյանը և հավելում, որ Թուրքիան երկարաժամկետ նպատակներ ունի:

«Կարծում եմ` Թուրքիայի օրակարգում երկար ժամկետում կա անվտանգության գոտին ընդլայնելու խնդիրը, ուղղակի այս պահին ստեղծված իրավիճակը թույլ է տալիս այսքանը։ Ասել, որ այդ նպատակից Թուրքիան հետ է կանգնելու, ոչ: Կախված տարածաշրջանային գործընթացներից, զարգացումներից, նույն քրդերի մոտեցումներից, կարող են նաև այլ քայլեր լինել։ Ասել, որ հիմա ամեն ինչ վերջացած է, ոչ, բայց այս պահի դրությամբ որոշակի սահմաններ են հստակեցված , ամեն մեկն իր հասանելիքը ստացել է և որոշակի հանդարտություն է»,- ասում է նա։

ԹեՊետրոսյանը, թե Իսպիրյանը կարծում են, որ տեղի ունեցածով անկախ Քրդստանի հեռանկարն անորոշ ժամկետով հետաձգված է: «Այստեղ գործընթացն ուղիղ անկախության չէր գնում, բայց այդ ուղղությամբ քայլ էր։ Բայց և այնպես,Թուրքիայի գլխավոր խնդիրն է խանգարել անկախ քրդական պետական միավորման ստեղծմանը դեռ սաղմնային փուլում, ինչը և արեցին»,- ասում է Պետրոսյանը:

Հաջորդ քայլն, ըստ մասնագետների, այդ տարածքների դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունն է: Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ իր կողմից վերահսկվող և քրդերի կողմից ազատված տարածքներում բնակեցնելու է Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին:

«Թուրքիայի մուտքը Սիրիա երկարաժամկետ ծրագիր է, Թուրքիան ունի երկար ժամանակով Սիրիայի տարածքում մնալու մտադրություն, որքանով կհաջողվի, այլ հարց է»,- ասում է Պետրոսյանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վերահսկման ժամկետներին։

Հարցին, թե երկարաժամկետ հեռանկարում կարող է Թուրքիան այդ տարածքների դեմոգրաֆիական պատկերը փոխելուց հետո հանրաքվեով միավորել իրեն, Պետրոսյանն ասում է, որ շատ տևական գործընթացի մասին է խոսքը:

«Բայց պետք է նշել, որ Թուրքիան արդեն նման փորձ ունի: Օրինակ, սիրիական Ալեքսանդրետի սանջակը, որը Թուրքիայի ներկայիս Հաթայ շրջանն է, Կիպրոսը: Եթե համադրենք պատմական ակնարկն ու ներկայիս քաղաքականությունը, կարող ենք ասել, որ Թուրքիան երկար ժամանակով այդտեղ մնալու մտադրություն ունի»,- ասում է Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: