Հայերեն   English   Русский  

​Գոհար Աբաջյանի ամուսնուն մեղադրանք կներկայացնե՞ն իշխանությունը յուրացնելու հոդվածով


Լիլիթ Պողոսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 354

Եվ այսպես, հայտնի գործ տվող պատգամավորի սահմանած եւ ԱԱԾ-ի հաստատած «չափանիշներով» ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը` երկրիս թիվ երկու (իսկ դե յուրե`առաջին) քայլարած Արարատ Միրզոյանը, չարամտորեն յուրացրել է խորհրդարանի խոսնակի պորտֆելը եւ ապօրինաբար տիրացել օրենսդիր իշխանությանը։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան`նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հայտնել են, որ սա պատգամավորի մանդատ է ստացել, ապա` ընտրվել ԱԺ նախագահ, նախապես վայր չդնելով առաջին փոխվարչապետի պաշտոնը. «Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որեւէ փաստաթուղթ»։

Այսինքն` փաստացի համատեղել է պատգամավորի եւ փոխվարչապետի պաշտոնակատարի պաշտոնները, ինչը արգելված է Սահմանադրությամբ։

Ընդ որում, եթե պատգամավորի լիազորությունները, ըստ Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածների, պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի որեւէ պաշտոն զբաղեցնելու դեպքում իրավունքի ուժով դադարեցվում են (այդպես եղավ Հրայր Թովմասյանի, նույն Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ էլի մի քանիսի պարագայում` Թովմասյանի դեպքում դա համարվեց իշխանության յուրացում, մյուսների դեպքում` ոչ), ապա գործադիրից խորհրդարան տեղափոխվելիս այդ դրույթը չի գործում։ Ասել է թե`Արարատին մանդատ չէր հասնում։ Սա` մեկ։

Երկրորդ։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ԱԱԾ հրավիրվելուց եւ որպես կասկածյալ հարցաքննվելուց հետո հայտարարեց, որ Փաշինյանն էլ ժամանակին օրենքի եւ Սահմանադրությամբ խախտմամբ է ընտրվել վարչապետ։ Չասաց` կոնկրետ ինչ խախտում է արձանագրվել (եթե ելնենք գործ տվողի եւ ԱԱԾ-ի մեկնակետից, առնվազն` վարչապետ ընտրվելու ժամանակ հա՛մ էլ պատգամավորի մանդատ է ունեցել` յուրացրել է գործադիր իշխանությունը)։ Բայց փաստն այն է, որ դրանից հետո Բաբլոյանի կարգավիճակը շատ արագ փոխվեց. կասկածյալ էր` դարձավ մեղադրյալ։

Շատ կուզեի իմանալ` ԱԱԾ-ը Բաբլոյանին Փաշինյանի կողմից իշխանության յուրացման մասին հարցեր տվե՞լ է, թե՞ «ա՜յդ էր պակաս»...

Պատրաստվո՞ւմ է «մամուլի հաղորդագրությունների», տվյալ դեպքում` «Փաստինֆո»-ի հրապարակման հիման վրա Միրզոյան Արարատին իշխանության յուրացման մեղադրանք ներկայացնել, թե՞ «չէ՜ մի` լիմոնադ»...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: