Հայերեն   English   Русский  

Արփինե Դալալյան. «Նպատակս մեկն էր` հաղթել»


  
դիտումներ: 1158

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը իրեն լավագույն կողմերով դրսևորեց` հռչակվելով չեմպիոն։


Երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով հայ մարզուհին կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում մարզաձևի ընտրության և դեպի հաղթանակ տանող ճանապարհի մասին:


-Շնորհավորում ենք հաղթական ելույթների և ոսկե մեդալակիր դառնալու կապակցությամբ:


-Շնորհակալ եմ շատ։ Հագեցած մարզումներով նախապատրաստական շրջան եմ անցել` օր օրի ավելի շատ պարապելով, արդյունքներս բարձրացնելով և ավելի լուրջ մոտեցումներ ցուցաբերելով։ Դրական և մարտական էի տրամադրված ստուգատեսից առաջ։ Նպատակս մեկն էր` հաղթել։ Ամեն ինչ լավ դասավորվեց, լավագույն կողմերով դրսևորեցի և հաղթեցի:


-Մրցակիցների, Ձեր ցույց տված արդյունքի մասին ի՞նչ կասեք:

Արփինե Դալալյան

-Բուխարեստում ամեն բան հրաշալի էր կազմակերպված։ Ինչ վերաբերում է բարձրացրածս կգ-ներին, ես ավելին կարող էի, ուղղակի անհրաժեշտություն չեղավ։ Մրցակիցներս ուժեղ և պատրաստված մարզուհիներ էին: Մի փոքր պայքար եղավ, որը և, հաղթահարեցի` անգամ վերջին մոտեցումից հրաժարվելով։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իմ մարզիչ Տարոն Թովմասյանին և հավաքականի մարզիչներին, որոնց ճիշտ աշխատանքի շնորհիվ ես հաղթեցի:


-Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) առաջին տեղը գրավել թիմային հաշվարկում: Թիմի հաջող ելույթները ոգևորու՞մ են:


-Այս հաջողությունը միասնական և անձնվեր աշխատանքի արդյունք է: Ոչ միայն թիմի, այլև բոլոր լավ ելույթներից ես ավելի ու ավելի էի ոգևորվում։ Իհարկե, երբ տեսնում ես թիմդ կողքիդ է, ոգևորում ես, քեզ էլ ավելի ուժեղ ես զգում: Ուրախ եմ հավաքականի հաջող ելույթների և մեր գրանցած հաղթական արդյունքի համար:


-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք երկիրն ու հայոց եռագույնը միջազգային հարթակներում: Հաղթանակը պարտավորեցնու՞մ է:


-Ի՞նչ կզգա այն մարդը, որին բոլորը տեսնում են Հայաստանի եռանգույնը ուսերին, որի շնորհիվ աշխարհը ճանաչում է մեր` քարտեզի վրա չերևացող երկիրը: Իհարկե, միայն հպարտություն և անասելի ուրախություն։ Անկասկած, այդ պահին պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում։
Հաղթանակը ոգևորում է, նաև պարտավորեցնում է մարզիկին, որ առաջ շարժվի, նորանոր հաջողություններ գրանցի, մանավանդ, երբ չեմպիոնի տիտղոսն է նվաճել։ Չպետք է սահմանափակվել, պետք է հետագա մրցումներին ավելի հաջող հանդես գալ։ Հարկավոր է տարեցտարի նոր առաջադրանքներ դնել և հաղթահարել:


-Ինչպե՞ս սկեցիք զբաղվել ծանրամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:


- Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2011թվականից հայրիկիս և պապիկիս խորհրդով։ Սկզբից, անկեղծ ասած, այնքան էլ չէի հավանում, բայց զբաղվելու ընթացքում աստիճանաբար սիրահարվեցի մրազաձևին։ Սպորտի շնորհիվ, ամենաառաջինը, ձեռք եմ բերել լավ և հավատարիմ ընկերներ, իսկ հետո` ստացել եմ շատերի սերն ու ջերմությունը և, իհարկե, ճանաչում։


-Մրցահարթակում լարվածությունն ու հուզմունքը ինչպե՞ս եք հաղթահարում:


-Մրցահարթակ բարձրանալիս ինձ մոտ լարվածություն չի լինում, քանի որ այն շատ է խանգարում մարզիկին: Եթե մի փոքր կասկածես, անվստահ լինես կամ լարվես, հաստատ ոչինչ չի ստացվի։ Այդ իսկ պատճառով պետք չէ լարվել, հարկավոր է վստահ մոտենալ ծանրաձողին և մտածել, որ կարող ես ամեն բան հաղթահարել։ Ամենաառաջնայինը հավատն է. հավատը դեպի քեզ։ Միայն այս արագայում ամեն բան կստացվի:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: