Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 956

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի, բայց ոչ բնավ ահաբեկչության վախճանը

Շաբաթը սկսվեց այն տեղեկության արձագանքներով, ըստ որի՝ նախորդ օրը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին:

«Նա մեռավ շան պես՝ ոռնալով, ողբալով և հեկեկալով, նրա հետևորդներն իրենց պահում էին որպես վախեցած լակոտներ և լուզերներ, շնորհակալություն բոլորին, սա հիանալի օր է մեր երկրի համար»,- այսպես հայտարարեց այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները երկար տարիներ որոնում էր ալ Բաղդադիին, նրան բռնելն ու ոչնչացնելն իր վարչակազմի առաջնահերթությունն էր: Նշվեց, որ ալ Բաղդադիի կողքին եղած բոլոր ահաբեկիչները կա՛մ հանձնվել են, կա՛մ տեղում ոչնչացվել: Իսկ «Իսլամական պետության» պարագլուխը գործի է դրել մահապարտի գոտին՝ պայթեցնելով իրեն և իր երեք (հետագայում ճշտվեց՝ երկու) երեխաներին:

Բաղդադիի հնարավոր մահվան մասին հայտարարվել է շուրջ 20 անգամ, սակայն այս անգամ կարծես թերահավատության տեղ չմնաց, Թրամփի խոսքով՝ մահացած ահաբեկչի մնացորդների գենետիկական հետազոտությունները դրական պատասխան են տվել։

«Ալ Բաղդադին մեռած է, բայց պատմությունն այդպիսով ավարտված չէ»,- գրեց New York Times թերթի վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանը:- Նախագահ Թրամփը պարծենում է, թե հաղթել է «Իսլամական պետությանը», բայց իրականում նա ցույց է տալիս իր տգիտությունը»:

Փառք Աստծո, որ նախագահ Թրամփը կարգադրել է ոչնչացնել նրան, հատուկ ծառայությունների աշխատակիցները պատրաստել են գործողությունը, իսկ հատուկ ջոկատները հաջողությամբ իրականացրել են, գրում է Ֆրիդմանը: Բայց այդ պատմությունը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Չէ՞ որ ԻՊ-ն երևան եկավ նախորդ թիվ մեկ չարագործին՝ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելուց հետո, ո՞վ գիտի, թե ինչ է սպասում Մերձավոր Արևելքին այդ տխրահռչակ տիտղոսը կրողի մահվանից հետո: Ոչինչ այնպես չի սնում ծայրահեղականությունը, որքան բացահայտ կոռուպցիան և անարդարությունը, ինչն ամեն օր ցուցադրում են իրենց քաղաքացիներին ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ Մերձավոր Արևելքում: «Բայց Թրամփը սիրում է բռնակալներին և ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ հաջորդ Ալ Բաղդադին արդեն հասունանում է ինչ-որ տեղ՝ եգիպտական բանտում»,- գրում է Ֆրիդմանը:

Ջոնսոնի հաղթանակը. դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններ

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մերժեց վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկությունը: Մինչդեռ Եվրամիությունը համաձայնեց հետաձգել բրեքսիտը մի պայմանով, եթե նոր ընտրություններ կայանան: Ջոնսոնի առաջարկությունը չստացավ անհրաժեշտ՝ ստորին պալատի անդամների երկու երրորդի հավանությունը: Անմիջապես քվեարկությունից հետո վարչապետը հայտարարեց, որ երեքշաբթի քննարկման կներկայացնի առաջարկությունը այլ ընթացակարգով, որը պահանջում է սոսկ ձայների պարզ մեծամասնություն:

Եվ երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունեց համապատասխան օրինագիծը: Համայնքների պալատի կազմի նորացման միջոցով Եվրամիության կազմից դուրս գալու պայմանների շուրջ առաջացած վեճի պատճառով «կաթավածահար խորհրդարանին» վերջ դնելու չորրորդ փորձը հաջողությամբ պսակվեց: Երբ վարչապետի կողմը բռնեցին «Լիբերալ դեմոկրատները» և Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), լեյբորիստները, որոնք երեք անգամ արդեն արգելակել էին Ջոնսոնին, նույնպես ստիպված եղան պաշտպանել նրա արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը:

Բրիտանական կառավարությունը, որ հուլիսին իշխանության գալուց հետո տասներկու պարտություն է կրել խորհրդարանում, այժմ տոնում է այս եզակի հաղթանակը: Անցկացնելով արտահերթ ընտրություններ՝ վարչապետը, որի կուսակցությունն այժմ մեծամասնություն չունի Համայնքների պալատում, հույս ունի փակուղուց դուրս բերել բրեքսիտի հարցը: Ինչպես պնդում է Ջոնսոնը, խորհրդարանն իր ներկայիս կազմով պարզապես թույլ չի տա իրեն հաստատել հոկտեմբերի 17-ին ձեռք բերած գործարքը Բրյուսելի հետ և անընդհատ նոր հետաձգում կպահանջի:

Այսուհանդերձ փորձագետները կարծում են, որ թեպետ Ջոնսոնի վարկանիշը բարձր է մնում, և հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վստահ հաղթանակ են կանխատեսում պահպանողականներին լեյբորիստների նկատմամբ, կառավարության ղեկավարն իրեն իր նախորդի՝ Թերեզա Մեյի ճակատագիրը կրկնելու վտանգի տակ է դնում, որը 2017 թ. արտահերթ ընտրությունների արդյունքներով սոսկ թուլացրեց իշխող կուսակցության դիրքերը, փոխանակ ամրապնդեր:

Իրադրությունը Սիրիայում

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները հրադադարի ժամկետը լրանալուց հետո, Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածության համաձայն, սկսեցին Սիրիայի տարածքում առաջին համատեղ պարեկությունը: Միաժամանակ պարզվեց, որ Միացյալ Նահանգները, որ ցուցադրաբար հեռացրել էր իր ռազմական ստորաբաժանումները Սիրիայից՝ թույլ տալով Թուրքիային իրականացնել իր հարձակողական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ, ամենևին մտադիր չէ հրաժարվել իր վերահսկողությունից Սիրիայի նավթային հանքավայրերի վրա:

Ամերիկացի զինծառայողները վերականգնեցին Սիրիայի հյուսիս-արևելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ալ-Կահտանիա և Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայության իրականացումը, որտեղից նրանք ցուցադրաբար հետ էին քաշվել։ Մինչ այդ էլ ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթները Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաև ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում։

Իսկ Սիրիայի՝ Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքի շուկայի տարածքում անցած շաբաթ պայթյուն որոտաց, որի հետևանքով 9 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են։ Նրանց մեջ կա նաև 2 երեխա։ Եվ հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատակամ է՝ Թրամփը պետք է հեռացվի

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական իմփիչմենթի ընթացակարգը սկսելու մասին: Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու օգտին քվեարկեց Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը: Ինքը՝ Թրամփը, այդ որոշումն անվանեց «մեծագույն վհուկների որս երկրի պատմության մեջ»: Այնուամենայնիվ, ինչպես էլ որ որակվի այդ գործընթացը, եթե հաջողությամբ պսակվի, ապա աննախադեպ կլինի Միացյալ Նահանգների պատմության մեջ:

Նույն օրը Թրամփը հայտարարեց, որ որոշել է հարկային գրանցման վայրը Նյու Յորքից Ֆլորիդա տեղափոխել իր հանդեպ քաղաքական գործիչների վատ վերաբերմունքի պատճառով: Նախագահի գրանցման վայրը մինչ այս եղել է Trump Tower երկնաքերը Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, որտեղ տեղակայված է նաև Թրամփի ընկերության գլխավոր գրասենյակը: Հոկտեմբերի սկզբին Նյու Յորքի դաշնային դատարանը թույլ տվեց դատախազներին պահանջել նախագահի և նրա ընկերության 8 տարվա հարկային հայտարարագրերը: Այդ որոշման կատարումը հետագայում կասեցրեց Վաշինգտոնի վճռաբեկ դատարանը: Թրամփի քաղաքական հակառակորդները և որոշ դատախազներ ձգտում են Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս տածելով, որ դրանց մեջ կգտնեն օրենքի խախտումներ: Թրամփը հրաժարվում է հրապարակել հայտարարագրերը՝ պատճառաբանելով, որ առայժմ դրանք աուդիտ են անցնում հարկային ծառայությունում: Փաստաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել Թրամփի կարողությունների չափերի, նրա հարկային պարտավորությունների և այն շրջանի գործարքների վրա, երբ նա բիզնեսմեն է եղել և զբաղվել է անշարժ գույքով:

Իրադրությունը Լիբանանում, Իրաքում և այլ թեժ կետերում

Երեքշաբթի Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրում շուրջ երկու շաբաթ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո հայտարարեց հրաժարական ներկայացնելու մտադրության մասին՝ նշելով, որ այդ որոշումը կայացրել է «փակուղային» իրավիճակի պատճառով։ Միաժամանակ վարչապետը լիբանանցիներին կոչ արեց քաղաքացիական հանդարտություն պահպանել և կանխել տնտեսության հետագա վատթարացումը:

Հաջորդ օրը երկրի նախագահ Միշել Աունը հայտարարեց վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ընդունելու մասին և հանձնարարեց նրան կատարել իր պարտականությունները մինչև նոր կաբինետի ստեղծումը: Հարիրիին, որ հանդիսանում է հասարակական-քաղաքական «Ալ-Մուսթաքբալ» շարժման առաջնորդը, ամենայն հավանականությամբ կրկին կհանձնարարվի ձևավորել Լիբանանի կառավարությունը: Ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը, արդեն հայտնել է, որ ընդունել է այդ նշանակումը, սակայն ընդգծել է՝ պնդելու է, որ ստեղծվի տեխնոկրատների կառավարություն, որի կազմում չեն լինի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Կառավարության հրաժարականից հետո փողոցային ցույցերի ալիքը Բեյրութի կենտրոնում սկսեց մարել, բայց չվերացավ: Հաջորդ օրերին էլ մարդիկ դուրս եկան փողոցներ՝ պնդելով, որ իշխանությունները դանդաղկոտություն են ցուցաբերում փոփոխություններ ձեռնարկելու հարցում:

Վիճակն էլ ավելի անմխիթարական է Իրաքում: Հոկտեմբերի 1-ից սկիզբ առած հակակառավարական ելույթները կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության աճի և պետական մարմինների կոռուպցիայի դեմ, որոնք վերածվեցին անկարգությունների և բախումների ոստիկանների հետ, շարունակում են մարդկային կյանքեր խլել: Կարճատև դադարից հետո նախորդ շաբաթ ցույցերը և անկարգությունները վերականգնվեցին: Անցած ամսվա ընթացքում Իրաքում ընդհանուր հաշվով բռնությունների զոհ էր դարձել մոտ 260 մարդ, տուժածների թիվը հասնում էր 10 հազարի: Անցնող շաբաթվա վերջին՝ կիրակի, Բաղդադում ցույցերի զոհ դարձավ ևս 100 մարդ, անկարգությունների վերածված ցույցերը հակակշռելու համար ոստիկանությունը դարձյալ ցուցարարների դեմ ուժ կիրառեց:

Ընդվզումները չեն դադարում նաև Չիլիում: Չնայած խոստացված վերադասավորումներին կառավարությունում՝ չիլիացիները չեն հեռանում փողոցներից՝ ընդվզելով սոցիալական և տնտեսական անհավասարության դեմ: Չիլիի մայրաքաղաքում՝ Սանտյագոյում, շարունակվում են կատաղի բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Դրանց հետևանքով նույնիսկ անցած երեքշաբթի Սանտյագոյի կենտրոնում մեծ հրդեհ սկսվեց: Ցուցարարների մի խումբ հրկիզել է այն շենքը, որում արագ սննդի ռեստորան և մի քանի խանութներ էին գտնվում: Մի այլ հրկիզում տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում՝ մետրոյի կայարանում: Հազարավոր մարդիկ են ձերբակալվել, չիլիական գործարարները կորցրել են մոտ 1,5 մլրդ դոլար:

Իսկ Կատալոնիայում ընվզման ալիքը հետաքրիր դրսևորում ստացավ: Կատալոնիայի անկախության համար պայքարողները տարբեր քաղաքներում տևական ցույցերից հետո սկսեցին հերթ կանգնել դատարանների դռներին, որպեսզի «մեղայականով ներկայացում» ձևակերպեն ի նշան համերաշխության անկախության շարժման առաջնորդներին, որոնք երկարամյա բանտարկության են դատապարտվել: Ակտիվիստները ցանկանում են հայտարարել իրենց մեղավորությունն այն նույն հոդվածներով, որոնցով դատապարտվել են շարժման առաջնորդները: Այս նախաձեռնությանն աջակցեց Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Կիմ Տորրան: Նա մի շարք կատալոնյան պաշտոնյաների ուղեկցությամբ գնաց Բարսելոնայի արդարադատության պալատ և նույնպես ձևակերպեց «մեղայականով ներկայանալը»: «Մեզ չի կարող վախեցնել մեր իրավունքների իրացումը, անգամ մշտական սպառնալիքների պարագայում, անգամ այն արհամարհանքի պարագայում, որով վերաբերվում են մեզ»,- հայտարարել է Տորրան: Կատալոնիայի ղեկավարը և ուրիշ ակտիվիստներ պահանջում են, որ իրենց նկատմամբ գործ հարուցվի 2017 թ. Կատալոնիայի անկախության համար ցույցերին մասնակցելու և 2017 թ. հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվեին մասնակցելու հիմքով: Ժիրոնայի, Լյեյդի և Տառագոնայի դատական ատյանները հայտարարել են հավաքվածներին, որ պատրաստ են մի օրվա ընթացքում գրանցել ոչ ավելի, քան 25 մեղայական: Նման որոշում է ընդունել Կատալոնիայի գերագույն դատարանը, որպեսզի այդ արշավը կաթվածահար չանի դատական մարմինների ամենօրյա աշխատանքը:

Ցավոք, անցած շաբաթ զոհեր եղան նաև ահաբեկչության և տարերային աղետների պատճառով:

Ֆիլիպիններում 6,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ եղավ, որն արդեն երրորդ ուժգին ցնցումն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում տարերքի զոհ է դարձել առնվազն 20 մարդ, հազարավոր շենքեր են փլվել կամ խիստ վնասվել:

Իսկ Աֆղանստանի հյուսիս- արևելքում՝ Թահար գավառում, ինը դպրոցական զոհվեց պայթյունի հետևանքով: Պայթյունը որոտացել էր, երբ երեխաները դպրոց էին գնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: