Հայերեն   English   Русский  

Իմ համար տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախնելու, խոչընդոտելու մտադրություն չունեմ. Ռոբերտ Քոչարյան


  
դիտումներ: 131

Համոզված եմ, որ այս դահլիճում նստածները լավ գիտեն, որ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ ինձ կալանքի տակ պահելու համար: Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասությքան դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երկար չեմ խոսելու, երևի իմաստ չկա կրկնեմ այն, ինչ ասել եմ անցած անգամ: Այս ամենը ուղղակի հետևանք է Հայաստանում սկսված մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր այս ամբողջ գործընթացքում: Հասկանում եմ այս ամենը, ու այս վերջին իրադրությունների հետ կապված, հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, շատ լավ հասկանում եմ, թե ինչ իրավիճակում են հայտնվել դատավորները: Նրանք այսօր Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուս կողմում դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը: Մարդիկ պետք է հիշեն, թե երբ են նորոգել իրենց տանիքը, սառնարան են գնել, կտրոնը պահե՞լ են թե՞ ոչ և վաղը մյուս օրը նրանց հարցեր կտան, որոնց պատասխանները ոչ ոք չի կարող տալ: Այսօր կան շենքեր, դատավորներ, դատախազներ, կա այն ամենը, ինչ կոչվում է արդարադատություն, սակայն չկա հենց ինքը արդարադատությունը: Ես հասկանում եմ, որ նաև դուք եք այս վիճակում ու ստիպված եք լինելու գնահատել սեփական խոցելիությունը»,-դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ համար տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախնելու, խոչընդոտելու մտադրություն չունեմ: Իմ կենսագրության հետ չի բռնում: Իմ կողքին նստած մարդիկ ոչ փախնող են, ոչ խոչընդոտող, նրանք առաջնորդվել են հայրենասիրությամբ ու արժանապատվությամբ: Ոչ ոք չի կարող սա ջնջել մեր կենսագրությունից: Ես հիմա նորից պետք է ստիպված կրկնեմ, որ չեմ փախչելու, չեմ խոչընդոտելու: Ես չգիտեմ, թե ոնց պետք է ինչ-որ վկայի ասեմ ցուցմունքդ լավը չի փոխի: Ես ամոթից կմեռնեմ: Դա իմ տեսակը չի»,-ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ հիմա Ֆեմիդայի կշեռքը դատավորի ձեռքին է և նրանից է քայլեր սպասում:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: