Հայերեն   English   Русский  

Քաղաքաշինությունը երրորդական կամ տասներորդական նշանակություն ունի կառավարության համար, իսկ ես պատրաստ չեմ պատասխանատվություն կրել դրա համար. Սարհատ Պետրոսյանր


  
դիտումներ: 300

Այս պահին քաղաքաշինությունը երրորդական կամ տասներոդական նշանակություն ունի կառավարության համար, իսկ ես պատրաստ չեմ պատասխանատվություն կրել դրա համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի նախկին տնօրեն Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով օրեր առաջ իր ներկայացրած հրաժարականի մասին:

«Ընդհանուր քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ ես վերջին 10 տարվա ընթացքում եմ խոսել: Խնդիրն այն է, որ այն լայն հասկացողություն է և միայն շինարարությունը չի, որ հաճախ պատկերացնում են, այն նաև կադաստրն է, ենթակառուցվածքների զարգացումը, ինչ-որ առումով նաև զբոսաշրջության զարգացում, մշակութային արժեքների պահպանում և այլն, և այդ բոլորի վերաբերյալ ես պատկերացնում էի, որ հետհեղափոխական Հայաստանում մենք վերբեռնման հնարավորություն կունենանք և ամբողջովին կվերանայենք մեր մոտեցումները այդ ոլորտի հանդեպ, բայց փաստորեն մեկուկես տարվա ընթացքում դժբախտաբար տեղի չունեցավ: Եվ ինչպես իմ հայտարարության տեքստում էի գրել, միգուցե իմ այնտեղ լինելը ինչ-որ դրվագային ազդեցություն ունեցել է, որ ինչ-որ սխալ որոշում դանդաղեցվի կամ չընդունվի, բայց գլոբալ առումով մենք չենք ունեցել այս ամենի վերաարժևորում, ուստի ես գտա, որ իմաստ չունի այլևս շարունակել»,-ասաց Պետրոսյանը:

Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով իր հրաժարականին, նշեց, որ ոչ միայն փոփոխություններ չեն եղել, այլև Կառավարության կողմից անգամ պատկարեացումներ ու տեսլականներ չկային, թե ինչ են ուզում անել իրականում:

«Գուցե իմ ասածները տարբեր ձևով օգտագործեն, շահարկեն, ասեն, որ ես նկատի ունեմ, որ ներկա կառավարությունը չի պատկերացնում ինչպես կարող է զարգացնել երկիրը, բայց այդպես չէ, ես կարծում եմ որոշ ոլորտներում հստակ պատկերացումներ կան, բայց քաղաքաշինությունը ֆունդամենտալ գործընթաց է և շատ կարևոր բաղադրիչ է տնտեսության զարգացման համար, բայց այս պահին այն երրորդական կամ տասներոդական նշանակություն ունի կառավարության համար, իսկ ես պատրաստ չեմ պատասխանատվություն կրել դրա համար»,-հավելեց Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: