Հայերեն   English   Русский  

​Մերկելը երիտասարդ ժամանակ երազել է մեքենայով ճամփորդել Ամերիկայում Բրյուս Սփրինգսթինի երաժշտության տակ


  
դիտումներ: 95

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-րդ տարեդարձի նախօրեին հարցազրույց է տվել Der Spiegel շաբաթաթերթին, որի ընթացքում պատմել է, որ երիտասարդ ժամանակ երազել է մեքենայով ճամփորդել Միացյալ Նահանգներում: Այս մասին տեղեկացնում է INTERFAX գործակալությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կաներ, եթե Բեռլինի պատը չքանդվեր, կանցլերը, որ ապրել է Արևելյան Գերմանիայում, ասել է. «Ես կիրականացնեի իմ երազանքը: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում կանայք թոշակի էին գնում 60 տարեկանում, դեռ 5 տարի առաջ ես կվերցնեի իմ անձնագիրը և կմեկնեի Ամերիկա: Թոշակառուները ԳԴՀ-ում կարող էին ազատ ճամփորդել. նա, ով արդեն պիտանի չէր որպես սոցիալիստական աշխատող, կարող էր մեկնել երկրից»:

Մերկելը ֆուտբոլ նայելիս

Պատի անկման ժամանակ Գերմանիայի կանցլերը 35 տարեկան էր: Նրա խոսքով՝ դրանից առաջ կճամփորդեր Գերմանիայում:

«Բայց իմ առաջին մեծ ճամփորդությունը կլիներ Ամերիկայում: Հզորության, բազմազանության, մշակույթի համար: Դիտել ահռելի ժայռերը, մեքենա վարել և լսել Բրյուս Սփրինգսթինին. դա իմ երազանքն էր»,- խոստովանել է կանցլերը:

Ընդ որում ասել է, որ մեծ մեքենաներ չի սիրում. «Բայց կարող էր «Տրաբանտից» մի քիչ ավելի լավը լինել»:

Մերկելի համար 1989 թ. նոյեմբերի 9-ը՝ Բեռլինի պատի անկման օրը, «երջանիկ պահ է Գերմանիայի պատմության մեջ»: «1949-ից մինչև 1989 թվականն այնքան մեծ թվով մարդիկ էին ազատություն երազում, և հանկարծ կարողացանք խոսել այդ մասին»,- ասել է նա:

Բեռլինի պատի անկման տարեդարձը նշվում է նոյեմբերի 9-ին: Ըստ ավանդույթի՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ համերգ կլինի, միջոցառման համար մեքենաների երթևեկությունը քաղաքի կենտրոնում կդադարեցվի: Որոշ փողոցներ մասամբ արդեն փակվել են, բեմը և տոնական զարդարանքներն արդեն տեղադրվել են:

Քաղաքում ամենուրեք համերգներ կլինեն, գրական հանդիպումներ և կինոցուցադրություններ՝ նվիրված 1989 թ. նոյեմբերի 9-ի իրադարձություններին: Տոնակատարության պաշտոնական մասը տեղի կունենա Բեռլինի պատի թանգարանում՝ Բերնաուեր շտրասե փողոցում: Հայտնի է, որ մասնակցելու են Սլովակիայի, Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի նախագահները, Մերկելի հետ նրանք կայցելեն պատմական վայրերը և այն եկեղեցին, որը քանդել են այդ տեղում բետոնե պարիսպը կառուցելու համար:

Բեռլինի պատը՝ որպես պետական սահման Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև գոյություն է ունեցել 1961-1989 թթ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: