Հայերեն   English   Русский  

​«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտել է ankakh.com կայքի գլխավոր խմբագրի հետ տեղի ունեցածը


  
դիտումներ: 317

«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ այսօր Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին (Varduhi Ishkhanyan) զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6֊րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ֊որ թղթեր ստորագրել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։ ՀՀ իրավապահ համակարգին հորդորում ենք պարզել և հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում տարածել, թե ովքեր են եղել ankakh.com կայքի գլխավոր խմբագրին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք, ինչ նպատակ են հետապնդում և որքանով են իրավաչափ այս գործողությունները։

Միևնույն ժամանակ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևում է ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի շուրջ ստեղծված իրավիճակին և օպերատիվ կարգով հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր հետևյալը.

«Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։

Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։

Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։

Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: