Հայերեն   English   Русский  

1000 ընտանիք կընդգրկվի աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում


  
դիտումներ: 105

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգ շահառու:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

հհԱշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում:

Նշենք, որ այս մասնագետներն արդեն վերապատրաստվել են միջազգային գործընկերների կողմից՝ կարիքների գնահատման և թիրախային խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցությունը (բնաիրային՝ անասնագլխաքանակի տեսքով) կտրամադրվի ընտանիքներին՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար:

Հիշեցնենք, որ «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում» ընդգրկված ընտանիքների 90 %-ի մոտ ընթացիկ գնահատման արդյունքներով գրանցվել է եկամուտների աճ՝ միջինում 55 %-ի չափով, ընդ որում ընտանիքների 48 %-ը դուրս են եկել ծայրահեղ աղքատությունից: «Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից ընտրվել են Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Հացիկ, Վահրամաբերդ, Քեթի, Հովունի, Շիրակ, Սարիար գյուղական համայնքները և Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները: Շահառուների ընտրության հիմնական չափանիշները եղել են նպաստառու լինելու հանգամանքը և ընտանիքում առնվազն մեկ 0-5 տարեկան երեխայի առկայությունը: Ծրագրում ընդգրկվել է 133 տնային տնտեսություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: