Հայերեն   English   Русский  

Անուղղակի կապ կա Դաշնակցության բողոքի ակցիաների և Արծվիկ Մինասյանին ՔԿ հրավիրելու միջև


  
դիտումներ: 45

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով երկու օր շարունակվող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բողոքի ակցիաներին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ, ու ՀՀ բնապահպանության և էկոնոմիկայի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին Քննչական կոմիտե հարցաքննության կանչելուն, ասաց, որ դրանց մեջ անուղղակի կապ է տեսնում:

«Արծվիկ Մինասյանին հրավիրել են հին գործի հետ կապված, որին նա անմիջական կապ չունի, և խոսքը մեծ փողերի մասին չէ: Սակայն, չգիտես ինչու, նրան որոշել են հրավիրել հենց երեկ, երբ «Դաշնակցությունը» բողոքի ակցիա է անցկացրել: Չեմ կարծում, թե մեր երկրում հաճախ են նման համընկնումներ լինում, սրանք անուղղակի կապ ունեն իրար հետ»,- ասաց նա:

Արդեն երկրորդ օրն է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիաներ են անցկացնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ բնապահպանության եւ էկոնոմիկայի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: