Հայերեն   English   Русский  

Խորապես անհամաձայն եմ ԿԳՄՍ նախարարության այս որոշման հետ. քաղաքագետ


  
դիտումներ: 30

Այսօր հանրության մոտ մեծ դժգոհություններ են առաջացրել Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի որոշումները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպամն ժամանակ ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին:

Ըստ քաղաքագետի՝ հանրությանն առավել զայրացրել է այն փաստը, որ օրենքի նախագիծ է մշակվել, որով բուհերից պետք է հանվեն Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները:

«Նաև քննարկում են, որ դպրոցական առարկաների շարքից պետք է հանել Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Նիկոլ Փաշինյանը խոսելով այս մասին՝ ասում էր, որ պետք է մոդեռնիզացման ճանապարհով գնալ, և ցավոք այսօր մոդեռնիզացում ասելով հասկանում են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների բուհական կուրսից հանելը: Վարչապետը բերում է Օքսֆորդի, Հարվարդի օրինակները, ես երկար տարիներ է դասավանդում եմ հայկական բուհերում ու նաև ունեմ փորձ ամերիկյան բուհերում դասավանդելու, պետք է ասեմ, որ հայկական բուհերում հայոց լեզվի իմացության մակարդակը շատ ցածր է, սա առաջին հերթին դպրոցների թերացումն է, որ բավականաչափ գիտելիքներով ուսանողներ չեն տալիս բուհերին, և կարելի էր սկզբում ուժեղացնել դպրոցներում դասավանդման մակարդակը, բայց սա մեկ օրվա գործընթաց չէ, որոշակի քաղաքականություն ու տեսլական է պետք այս ամենի համար: Այսօրվա օրախնդիրը դպրոցների բաց թողածը բուհերում լրացնելն է»,-ասաց Ենոքյանը:

Ըստ փորձագետի՝ բուհերում պետք է ըստ մասնագիտության անհրաժեշտ տերմինաբանությամբ ու հստակ ծրագրով անցկացվի հայոց լեզվի ուսուցումը, բայց որպեսզի ուսանողները չդառնան նեղ մասնագետներ, պետք է տարբեր առարկաներ ուսումնասիրեն:

«Պետք է հասկանան, որ բուհերում միայն հաստոցի ինժեներ չեն պատրաստում, այլ լայն սպեկտրի մասնագետներ, որոնք պետք է գիտելիքներ ունենան տարբեր ոլորտներից: Հակառակ դեպքում մենք չենք ունենա մտավորական զարգացած մարդիկ: Այսօր մեր երկրի ամենահիմնական խնդիրը ոչ թե կոռուպցիան է, ոչ թե սահմանադրական դատարանի նախագահն է, այլ կրթությունը, որին չափազանց քիչ ուշադրություն է դարձվում, ու այս պարագայում ես կարծում եմ, որ դժգոհությունը Կրթության նախարարից տեղին է»:

Ենոքյանը նշեց, որ ինքը խորապես անհամաձայն եմ նախարարության վերջին շրջանում ընդունվող որոշումների հետ: Անդրադառնալով «Մել» ֆիլմին տրվող ֆինանսավորմանը՝ քաղաքագետն ասաց.

«Շատերը դավադրություն են տեսնում այս ամենում, ասում են, որ ուզում են մեր ազգայինը հանել, բայց իմ կարծիքով այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում չկա հստակ մշակված քաղաքականություն ոչ միայն մշակույթի կամ կրթության, այլև տնտեսության մեջ, դատական համակարգում ու այդ պատճառով, երբ պաշտոնյաները լսում են ինչ-որ պատառիկներ կամ բառեր, օրինակ մոդեռնիզացիան, դա համարում են սեռափոխված ծանրամարտիկի մասին ֆիլմ նկարելը: Այստեղ ես ավելի շատ անգիտություն եմ տեսնում: Օրինակ ինչ-որ ներկայացումների համար են գումար տալիս, որոնք ոչ մի լավ ու դրական բան չեն տալիս, պարզապես լսել են, ասում են եկեք փորձենք, բայց թող այդ ամենը փորձեն փակ դահլիճներում, չանեն հանրային վայրերում ու պետական փողերով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: