Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում


  
դիտումներ: 70

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են խմբակցության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով:

Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը: Նա ունի տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների և վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:

Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:

Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ և իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ: Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի և 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ: 2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում:

2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արևելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող և ղեկավար կոմիտեի անդամ: 2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: