Հայերեն   English   Русский  

Խոշոր հրդեհի հետեւանքով ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ. հղի հարսը մի կերպ է փրկել օրորոցում քնած երեխային (ֆոտո)


  
դիտումներ: 155

Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին գտնվող տանը նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, թե հարևանները, թե ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլևս բնակության համար պիտանի չէ:

Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5-ամյա որդին՝ Ալեքսանդրը և տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:

Հարևանները կայքին պատմել են, որ երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային:

Հրշեջներին հաջողվել է կրակի տարածման դեմն առնել, հակառակ դեպքում՝ հարևանների տներն էլ էր այրվելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: