Հայերեն   English   Русский  

ԲԴԽ նիստում Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել


  
դիտումներ: 85

Այսօր Բարձրագույն դատական Խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում` Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում, Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը` չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում, հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: