Հայերեն   English   Русский  

Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկո՞ւմն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել. Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին


  
դիտումներ: 75

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ եթե վարչապետը հայտարարում է, որ բյուջեի մուտքերն ավելանում են, որ կա փող, բայց ծախսելու տեղը հայտնի չէ, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա այդ միջոցները պետք է ուղղել թոշակառուների թոշակի բարձրացմանը:

Նա նշեց, որ իր ներկայացրած նախագիծը, որը միտված է կենսաթոշակների բարձրացմանը, Կառավարությունը տվել բացասական եզրակացություն՝ պատճառաբանելով, որ հաշվարկելը դժվար է լինելու։

«Այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը գրանցված և փաստաթղթավորված չէ, այն էլ՝ էլեկտրոնային և թվային աշխարհում և արդեն 1.5 տարի այդ հաշվարկն անելը պետք է լիներ հեշտ։ Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով բացառապես իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար Ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանություն, ապա Դուք դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների հոգու ջրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ»,-ընդգծեց Ուրիխանյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դուր չեկավ Ուրիխանյանի դիտարկումը և նա հարց ուղղեց. «Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկո՞ւմն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել»։

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Իմ պաթոսի մասին ձեզ հայտնի տարբեր մարդկանց տարբեր մարմնի մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող հանրաճանաչ գործիչներ նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանեք: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, պետք է ջանալ հաշվել: Պարոն Միրզոյան, այո, ժողովուրդը ձեզ մատուցեց իշխանությունը»:

Արարատ Միրզոյանը կրկին արձագանքեց՝ ասելով. «Պարոն Ուրիխանյան, մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը, իսկ դա ՀՀ քաղաքացին է ու նրա տված քվեն: Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին անընդհատ հիշեցնենք: Խոսքը «սկուտեղի վրա մատուցել» արտահայտությունն էր, որն, ինձ թվաց ոչ այնքան ճշմարտությունն արտացոլող: Իսկ այդ ամբիոնից խոսելու իրավունքը ձերն է, ինչ ուզեք, կարաք խոսաք, այ քեզ բան»:

Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին Ուրիխանյանի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: