Հայերեն   English   Русский  

Հոնկոնգի վարչակազմի ղեկավարը մեղադրել է ցուցարարներին եսասիրության համար


  
դիտումներ: 71

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը հայտարարել է, որ քաղաքը կաթվածահար անող ցուցարարները շատ եսասիրաբար են վարվում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Հոնկոնգի ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքի համալսարանները և դպրոցները կդիմեն իրենց ուսանողներին և աշակերտներին բռնությանը մասնակից չդառնալու կոչով: Լամը հավելել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի շրջանային խորհուրդների պատգամավորների ազնիվ և անվտանգ ընտրություններ անցկացնեն, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 24-ին:

Քաղաքում անկարգությունների նոր ալիք սկսվեց երեկ՝ երկուշաբթի: Ցուցարարները սկսեցին շրջափակել տարբեր շրջանների փողոցներ՝ փորձելով երթևեկության կոլապս առաջացնել: Այդ իրավիճակում այսօր դադարեցվել են պարապմունքները բոլոր համալսարաններում: Երեկ տարբեր միջադեպերում վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Տուժածներից երկուսը, ներառյալ որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած 21-ամյա քոլեջի սանը, ծայրահեղ ծանր վիճակում են:

Այսօր առավոտյան ուսանող ցուցարարներից մի քանիսը՝ դիմակներով, փորձել են փակել փողոցները, այդ պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ կիրառել:

Ամռան սկզբին Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին կառավարության՝ արտահանձնման մասին օրենքի նախագիծն ընդունելու մտադրության դեմ, որը հնարավորություն էր տալու օրինազանցներին հանձնելու մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրինագիծը հետ կանչելուն՝ ընդդիմության երիտասարդ կողմնակիցները պատրաստ են շարունակել անկարգությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: