Հայերեն   English   Русский  

Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը, որով արգելվում է միասեռականներին երեխա որդեգրել, բուռն քննարկման առիթ դարձավ


  
դիտումներ: 51

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նոր օրինագիծը, որով արգելվելու է միասեռական զույգերին երեխա որդեգրել, բուռն քննարկումների տեղիք տվեց:

Նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև վեճ առաջացավ, որից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։

Լրագրողների հարցին, թե ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։

Նախ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ որևէ խնդիր չի եղել:

«Արարատ Միրզոյանի և Գեւորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես բարձր տոնով են խոսել միմյանց հետ: ԱԺ-ի նիստերի ժամանակ ևս բարձր տոնով են խոսում»,- ասաց Սիմիդյանը և հավելեց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել, եւ լուրջ բան չկա:

Նա ասաց, որ դահլիճ լքելը Գեւորգ Պետրոսյանի հետ չէր կապված։ Ի դեպ, լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցություն։

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասաց. «Քվեարկությունը վերջացրեցինք, դուրս եկանք, սենյակում հետեւում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»: Բոլոր պատգամավորները հերքեցին, թե հրմշտոց է եղել ներսում:

Նախագծով Գեւորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում եւ արգելել նույնասեռականների եւ սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը, ինչն ԱԺ-ն չընդգրկեց նիստերի օրակարգում:

Նախագիծը ներկայացնելիս Պետրոսյանն ասաց. «Մեկ ա, մերժվելու ա, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, բա այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց նա:

Պետրոսյանը հորդորեց կատակը մի կողմ դնել և ազգային արժեքները պահել: «Մենք ամենավանդական ազգն ենք: Մենք չենք ասում իրանց տվեք սպանեք, չկա տենց խնդիր: բայց մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք: Այստեղ էլ պետք է նահանջե՞նք: Այս նախագծի բացակայությունն իմ անձին չի սպառնում, բայց դա մեր ազգային անվտանգության նկատառում ունի: Հարցեր կան, որ բոլորս պետք է միասին լինենք:

Ես եւ մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:

Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:

«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի այս դիտարկման հետ համաձայն չէր Գեւորգ Պետրոսյանը եւ նշեց, որ ոչ մեկի անուն չի տվել, որ անձնավորված չէ իր ասածը:

«Այս ձեւն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի, իր ընտանիքում սենց- նե՞նց է»,-ասաց Արարատ Միրզոյանը: Նա դիմեց ԱԺ աշխատակցին՝ խնդրելով գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: