Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 174

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստի սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ պատճառաբանության և գործի փաստական հանգամանքների հետ համադրման, հիմնվում է մեջբերված նորմատիվային կարգավորումների վրա, որոնք որևէ կերպ չեն համընկնում և չեն արտահայտում որոշումների եզրափակիչ մասերում շարադրված դիրքորոշումներին։ Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

«Նախագահող դատավորը, նախապես տեղյակ եղել է այնպիսի իրավական հիմնավորումների, որոնք թույլ են տալիս խոչընդոտելու հիմքի առկայության պարագայում կիրառել խափանման միջոց գրավ, և հետագայում սույն գործի շրջանակներում կայացրել է որոշում, որով գտել է, որ այդ իրավական հիմքն առկա չէ», - ընդգծեց Խուդոյանը։

Խուդոյանի միջնորդությանը միացել էին նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: