Լիտվայի արդարադատության նախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Գործընկերության զարգացման համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան եւ ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու եւ համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: