Հայերեն   English   Русский  

Կոչ ենք անում ազատել Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից. «Ազգային օրակարգ»


  
դիտումներ: 82

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաեւ դիտարկել արհեստականորեն ձեւավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը:

Հայտարարությունում ասվում է. «Վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կրթության եւ մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք գործողություններ, որոնք փաստացի ուղղված են եղել ազգային արժեհամակարգի եւ գործող հաստատությունների դեմ, եւ տարակուսանք, վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հանրության լայն շրջանակներում: Մասնավորապես՝

ա) Միավորվել են գործառութային եւ բովանդակային իմաստով էապես տարբերվող Կրթության եւ գիտության, Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի երեք նախարարությունները՝ մեկ նախարարության կազմում, դրանով վատթարացնելով յուրաքանչյուր առանձին ոլորտի պետական կառավարման կարողությունները:

բ) Կասեցվել է կրթական գերազացության ազգային ծրագիրը, ծրագրի իրականացման համար ստեղծված կազմակերպչական ենթակառուցվածքը կազմաքանդվել է, ծախսված պետական եւ մասնավոր միջոցները՝ փաստացի փոշիացվել:

գ) Լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, ԿԱԻ-ի կողմից իրականացվող եւ կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: Մոտ 8000 ուսուցիչ զրկվել է տարակարգ ստանալու եւ ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորությունից:

դ) Նախաձեռնվել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» եւ «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը, ինչպես նաեւ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դարձնելը:

ե) Անհասկանալի հիմնավորմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ազգային արժեքների տեսակետից կասկածելի բովանդակությամբ ծրագրերին՝ մասնավորապես, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանմանը, եւ «Հուզանք ու զանգ» անվանումով սադրիչ ներկայացման փողոցային բեմականացմանը:

Ելնելով վերոնշյալից՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը:

Զորակցելով բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը՝ ԱՕԿ խորհուրդը միաժամանակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հիշյալ ոլորտներում հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից, ձեւավորել կրթական եւ մշակութային քաղաքականություն, որը նպատակամիտված է գործող ազգային հաստատությունների ամրապնդմանը, վերընթաց զարգացմանը, եւ հանրային համերաշխության վերականգմանը:

Որպես այդ ուղղությամբ առաջին քայլ՝ կոչ ենք անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաեւ դիտարկել արհեստականորեն ձեւավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը՝ յուրաքանչյուր ոլորտի պետական կառավարումը վստահելով գիտակ, իրենց ոլորտներում կայացած, եւ հանրության կողմից հարգանք վայելող գործիչների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: