Հայերեն   English   Русский  

Բուհը մտավորական է ստեղծում, և այդ մտավորականը պետք է ազգային դիմագիծ ունեցող լինի. Հայոց լեզվի դոցենտ


  
դիտումներ: 134

Խնդրում եմ չշահարկել այս ակցիան, մեր ուսանողներին չկապել ինչ-որ քաղաքական խաղերի հետ: Այս մասին այսօր ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, որ մոտեցել էր արդեն մի քանի օր դասադուլ հայտարարած ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներին:

«Դասադուլ հայտարարծ ուսանողների պայքարն արդար է, ու մենք դասախոսներով աջակցել ենք այդ պայքարին, նիստեր ենք գումարել ու հայտարարություններ արել: Պետք է նախարարության հետ շահագրգիռ, քաղաքակիրթ զրույց անցկացնել, քանի որ չկա անսխալական մարդ, չկա մենք ու դուք այս երկրում, մենք ուզում ենք քննարկել ու գալ ընդհանուր եզրակացության»,-ասաց Տեր-Մինասյանը:

Ըստ նրա՝ այսօր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց մասին պետք է մտածել՝ բուհերից հայագիտական առարկաները հանելու փոխարեն:

«Մենք այսօր կանգնած ենք հազար ու մի խնդրի առաջ, և այդ խնդիրները բոլորը լուծե՞լ են, հիմա էլ եկել են տապալված կրթությունը ոտքի հանելու համար ազգային ինքնությունը հաստատող, պահպանող առարկաների դեմ պայքարելու՞: Ես տեսնում եմ, որ այնտեղ կան քաղաքակիրթ մարդիկ ու էդպես էլ պետք է լինի: Թող գան այդ քաղաքակիրթ մարդիկ նստեն քննարկենք, մենք ծարգրեր ենք մշակել, թող գան մատը դնեն ասեն այսինչ ծրագիրը լավը չի, թող ասեն այսինչ ֆակուլտետում վատ է դասավանդվում, թող մեզ համոզեն»,-ասաց դոցենտը:

Նա նշեց, որ իրենք նախարարի հրաժարականը չեն պահանջում իրենք պայքարում են հանուն հայագիտական առարկաների պահպանման: Տեր-Մինասյանը նաև հավելեց, որ ուսանողների պայքարը կապ չունի ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների հետ:

«Դաշնակցությունը թող իր ակցիաները անցկացնի, կազմակերպի այնտեղ որտեղ ուզում է, բայց պետք չի ուսանողների ակցիան տանել խառնել նրանց ակցիային»:

Դասախոսի համար անընդունելի է հայագիտական առարկաների հանելը պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից:

«Մենք Հայոց լեզուն, Հայոց պատմությունը բուհերից հանելով ուզում ենք ջու՞ր լցնել թշնամու ջրաղացին: Մենք այս առարկաները պաշտպանելով նշանակում է մեսիջնե՞ր ենք ուղարկում Ալիևին, ովքեր ասում են զարմանալի է՝ Ալիևը այսինչ բանը չի անում, մինչև Ալիևը անու՞մ է: Մարդիկ կան, որոնք ասում են Սովետական տարիներին բուհերում չէին անցնում հայոց լեզու, բա ո՞նց էր լինում: Սովետական տարիներին ծրագրերը կազմվում էին Մոսկվայում, և Մոսկվան իր պետական լեզուն ուներ, նրանք կազմում էին ռուսաց լեզվով ու դա էին անցնում»:

Ըստ Տեր-Մինասյանի՝ ճիշտ չէ հայկական բուհերը համեմատել Սորբոնի, Հարվարդի կամ այլ օտարերկրյա բուհերի հետ:

«Էնտեղ սովորողների ընդամենը 15 տոկոսն է տեղացի: Տարբեր աշխարահամասերից այս բուհերում սովորողներ կան ու նրանք իրենց ազգային ինքնությունը պաշտպանելու ոչ մի խնդիր չունեն: Մենք ազգային կրթության մասին ենք խոսում ու այս պարագայում պետք չէ մեզ տանել դնել ամերիկացիների կողքին ու ասել, որ նրանք անգլերեն չեն անցնում: Բուհերի ինքնավարությունը նախ և առաջ սկսում է ընտրական համակարգից, թող բարի լինեն ստեղծեն այնպիսի համակարգ, ըստ որի՝ բուհի ղեկավարությանը կընտրի բուհի դասախոսական կազմը: Պետք չի ինքնավարությունը դիտել Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները հանելը: Ասում են թող դպրոցում ամեն ինչ անցնեն, նախ դպրոցները կարգի բերելու համար մի 10 տարի պետք է, որպեսզի հասնեն այդ մակարդակին: Երկրորդ դպրոցը կրթություն է տալիս այն մարդկանց, որոնք կարող են միջնակարգն ավարտելուց հետո գնալ օրինակ պատ սվաղել, մեքենա վարել, դիմել և չընդունվել, այսինքն դպրոցը միջին մակարդակ է ապահովում, որն ամենևին էլ չի ենթադրում բուհի մակարդակ, համալսարանը մտավորական է ստեղծում և այդ մտավորականը պետք է ազգային դիմագիծ ունեցող լինի, այդ պատճառով էլ բուհում ոչ թե անցնում են հայոց պատմություն, այլ հայոց պատմության հիմնախնդիրներ, ոչ թե հայոց լեզու, այլ հայոց լեզու և խոսքի մշակույթ»:

Ըստ Տեր-Մինասյանի այժմ ամենակարևորը համերաշխության հասնելն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: