Հայերեն   English   Русский  

Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա գործադուլ. ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսների հայտարարությունը


  
դիտումներ: 54

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը քիչ առաջ ընթերցեց ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը:

Տեքստում ասվում է.

«1. ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթի:

2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ:

3. Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի և մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների:

4. Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: