Հայերեն   English   Русский  

Ես հասկանում եմ ուսանողներին, և եթե ինքս էլ ուսանող լինեի՝ նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան


  
դիտումներ: 73

Ճիշտ է մեր ուսանողները սկսել են դասադուլը նոյեմբերի 7-ին, բայց օրինագծի դեմ մեր պայքարը շատ ավելի վաղուց է սկսվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության այն օրինագծին, որով նախատեսվում է բուհերում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաները հանել պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից:

«Երբ նախագիծը ներկայացվեց բուհերին, ակադեմիական ինստիտուտներին, դրա վերաբերյալ տարբեր ֆակուլտետներ հայտնել են իրենց կարծիքը և եղել են նախագծի մասին գիտխորհուրդների պաշտոնական դիրքորոշումները: Բոլոր կառույցներն էլ տվել են իրենց բացասական կարծիքը՝ կապված ԿԳՄՍ նախարարության այս օրինագծին: Ստանալով ակադեմիայից և բուհերից բացասական կարծիքները՝ շատ անհասկանալիորեն մեր նախարարը հայտարարեց, որ որևէ սկզբունքային հարցում զիջումների չեն գնալու: Դրանից հետո մենք որոշեցինք հանրայնացնել և հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, բաց նամակաը նաև տեղադրված էր համացանցում՝ ստորագրությունների համար»:

Ըստ Արտակ Մովսիսյանի՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերն էլ ավելի են զայրացրել ուսանողներին:

«Այն տեղեկությունները, որ նախարարությունը գումար է հատկացրել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար և ֆինանսավորել է Հուզանգ-զանգ ներկայացումը լցրին ուսանողների համբերության բաժակը և ուսանողների պոռթկումն առաջացրին»:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ իր համար ընդունելի է ուսանողնրի պայքարը:

«Ես հասկանում եմ ուսանողներին, և եթե ինքս էլ ուսանող լինեի՝ նույն բանը կանեի»:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ իրենց նախաձեռնած ստորագրահավաքին արդեն մի քանի հազար մարդ է մասնակցել պահանջը մեկն է հետ կանչել նախագիծը, որը բազմաթիվ վտանգավոր կետեր է իր մեջ պարունակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: