Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ պետք է նախարարը ստանա արժանապատիվ աշխատավարձ, իսկ գիտնականը՝ ոչ


  
դիտումներ: 1054

Գիտության ոլորտում իրավիճակն օրհասական է, խորը ճգնաժամային խնդրի առաջ ենք կանգնել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երիտասարդ գիտնական, ֆիզմաթ գիտությունների երիտասարդ թեկնածու Տիգրան Քոթանջյանը` անդրադառնալով 2020թ.-ի պետական բյուջեում գիտությանը հատկացվող ֆինանսավորմանը, որը նախատեսվում է կրճատել 1.5 մլրդ դրամով:

Տիգրան Քոթանջյանը մտավախություն ունի, որ գիտության ոչ բավարար ֆինանսավորման հետևանքով ընդամենը 5-6 տարի հետո Հայաստանը կկանգնի գիտություն ունենալ-չունենալու վտանգի առաջ:

Գիտության ոլորտում կտրուկ քայլել են պետք կատարել, քանի որ երիտասարդ գիտնականները լքում են երկիրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երիտասարդ գիտնական Տիգրան Քոթանջյանը։

«Այդ աշխատանքը Սովետական Միության տարիներին համարվում էր պատվաբեր, բարձր աշխատավարձ էին ստանում և որոշակի դիրք ունեին այդ մարդիկ։ Իսկ այժմ մենք գիտնականների մշտական արտագաղթ ունենք»։

Նրա խոսքով՝ բոլոր զարգացած երկրներում գիտության հիմնական առաջ տանող ուժը հանդիսամնում են 35–55 տարեկան մարդիկ են, ինչը մեր պարագայում բոլորովին այլ է։

«Նրանք գիտաշխատողների թվաքանակի մեջ 50 տոկոս եւ ավելի են կազմում, իսկ մեզ մոտ այդ թվաքանակը մոտ 15 տոկոս է. այդտեղ բավականին բաց ունենք։ Պատճառը նրանում է, որ երիտասարդները համալսարաններն ավարտելուց հետո մտնում են գիտության մեջ, կայանում են եւ չստանալով բավականաչափ ֆինանսավորում կամ մեկնում են արտասահման կամ փոխում են ոլորտը, գնում են IT ոլորտ եւ այս տիրույթը դատարկ է մնում։

Մեզ մոտ 65 տարեկանից բարձր գիտաշխատողների քանակը մոտ 30 տոկոս է կազմում, երբ Խորհրդային Միության տարիներին եղել է 4–5 տոկոս։ Փաստացի մեր գիտությունը ծերանում է»,– ասաց Քոթանջյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2 տարի գիտության մեջ ֆինանսավորումը չի բարձրացել։

«2018 եւ 2019 բյուջեով ֆինանսավորումը չի բարձրացել, իսկ 2020 թվականի բյուջեով որոշակի բարձրացում կա, բայց ուղղված միայն ռազմական հետազոտությունների ոլորտին, այսինքն շատ քիչ գիտնականների է դա վերաբերվելու»,– ասաց Քոթանջյանը։

Նա համեմատականներ անցկացրեց գիտության ոլորտի ֆինանսավորման եւ պետական բյուջեից պարգեւատրումների միջեւ։

«Եթե ռազմական հետազոտությունների մասը չհաշվենք, այսօր գիտության ֆինանսավորմանը 12.6 միլիարդ դրամի չափ է, որպես օրինակ ասեմ պետական համակարգում՝ ըստ բյուջեի պարգեւատրումների ֆոնդը եւս 12 միլիարդ դրամի չափ է։ Այսինքն պետական համակարգում պարգեւատրումների ֆոնդը մոտ նույն չափ է, ինչ որ գիտության ֆինանսավորման չափը»,– ասաց Քոթանջյանը։

Երիտասարդ գիտնական Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս պահին միայն գիտնականների ֆիանասավորման խնդիրը չէ, քանի որ փարձարարական ծախսերի համար եւս գումար է անհրաժեշտ։

«Այսօր շատ գիտական կառույցներում օգտվում են դեռ այն նյութերից, որոնք ժառանգություն ենք ստացել դեռ ԽՍՀՄ տարիներից։ Որոշ ժամանակ այն բավարում էր աշխատելուն, սակայն այսօր, եթե բացարձակ ազնիվ կերպով ներկայացնենք մեր հոդվածը, ինչ որ տեղերում եւ նշենք, թե ինչ սարքերով ենք մենք աշխատել, առանց նույնիսկ կարդալու, թե ինչ արդյունք ենք մենք ստացել մրժվելու է, քանի որ սարքը բարոյապես մաշված է»,– ասաց Սարգսյանը։

Տիգրան Քոթանջյանի խոսքով՝ անցած տարի է հանդիպել նախարարի հետ եւ որ նա խնդրի մասին տեղյակ է։

«Իրենց պնդմամբ իրենք աշխատում են, փորձում են, ինչ որ բաներ անել, բայց արդյունքները դեռեւս չի երեւում»,– ասաց Քոթանջյանը

Երիտասարդ գիտնականները պնդում են, որ գիտությամբ հետաքրքրված չէ նաև մասնավոր հատվածը:

Նրանք հիշեցրին դեռ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ուղղված աշխատավարձերի բարձրացմանը, որտեղ նա ասում էր՝ «ինչո՞ւ պետք է ուսուցիչը 4 անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան նախարարը կամ պատգամավորը»:

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասաց, որ սա ցինիզմ է, իսկ հիմա նախարարները 1.5 միլիոն աշխատավարձ են ստանում: Ինչո՞ւ պետք է նախարարը ստանա արժանապատիվ աշխատավարձ, իսկ գիտնականը՝ ոչ: Չկա մի երկիր, որը լինի զարգացած, բայց գիտությունը՝ ոչ»,- ասաց Տիգրան Քոթանջյանը:

Երիտասարդ գիտնականները չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է որևէ գիտական լաբորատորիա կապիտալ վերանորոգվել: Նրանք պնդում են, որ խնդրի մասին անցյալ տարի խոսել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Անգամ այս պարագայում մեր գիտնականները վատ ցուցանիշներ չեն գրանցում, սակայն ասում են՝ դա միայն Հայաստանի գիտնականների շնորհիվ չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: