Հայերեն   English   Русский  

Այգեստան գյուղի բնակիչները դժգոհում են, որ Ազատի ջրամբարից իրենց չեն թույլատրում օգտվել. Ջրային կոմիտի պարզաբանումը


  
դիտումներ: 69

Մամուլում հրապարակումներ են եղել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչների դժգոհության վերաբերյալ, որ «իրենց հնարավորություն չի տրվում օգտվել Ազատի ջրամբարից եկող ջրից և այն հոսելով, հասնում է Թուրքիա»։

Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ից սկսվել և ընթացքի մեջ է Ազատի ջրամբարի ջրի՝ մեռյալ ծավալի իջեցման գործընթացը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 31.01.2019թ N1488- 16 որոշման թույլտվությամբ: Ջրի հորիզոնը իջեցվելու է մինչև 993մ նիշը (0.72նլն խմ):

Ջրի իջեցման նպատակն է հնարավորություն ստեղծել նախագծային կազմակերպությունների համար՝ իրականացնելու ստորջրյա ջրընդունիչ խողովակաշարի տեխնիկական վիճակի զննումը, հետազոտելու ջրընդունիչի խուցը, պարզելու դրանց կառուցվածքային տարրերի վիճակը, գնահատելու կրողունակությունը, ամրությունն ու կայունությունը, կառուցվածքին հարող տարածքի տղմապատման աստիճանն ու խորությունը, զննելու մոտեցման հնարավոր ուղիները՝ անջրպետման նախագծի կազմման համար: Ջրամբարը շահագործվում է 1976 թվականից, երբևէ նման ծավալի ուսումնասիրություն այնտեղ չի կատարվել, այնինչ նման միջոցառումներն անհրաժեշտ են հետագա անվտանգ շահագործման համար։

Գետահունով ջրի տեղափոխումը պայմանավորված է նաև Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Ջրային տնտեսության ԾԻԳ-ի կողմից նախատեսվող՝ Արտաշատի ջրանցքի վերանորոգման աշխատանքներով. դրանք ևս այժմ ուսումնասիրման փուլում են:

Դատարկվող ջուրը ոռոգման նպատակով Արտաշատի ջրանցքով տրվել է «Արտաշատ» ՋՕ ընկերությանը մինչև ս/թ նոյեմբերի 11-ը: Նոյեմբերի 11-ից սկսած, ոռոգման ջրապահանջ չլինելու պատճառով, ջրամատակարարումը Արտաշատի ջրանցքով դադարեցվել է և ջուրն ամբողջությամբ հոսում է Ազատ գետով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՋՕԸ կողմից մինչև ս/թ նոյեմբերի 18-ը՝ ոռոգման շրջանի ավարտը, ջրապահանջի հայտ լինելու դեպքում ջուրը կրկին կմատակարարվի Արտաշատի ջրանցքով: «Արտաշատ» ՋՕԸ տվյալներով, Այգեստան համայնքը 2019թ. ոռոգման շրջանում ոռոգել է 250հա հողատարածք: Ջրտուքը եղել է 1567,820 հազ.մ/խ չափով, մատակարարված ջրից հասույթը կազմում է 17246,020 հազ. դրամ:

2019թ. նոյեմբերի 12-ի դրությամբ համայնքի կողմից վճարվել է 10496,0 հազ. դրամ: Նշենք նաև, որ ոռոգման վերջին շրջանում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, համայնքի կողմից լրացուցիչ պահանջվել է 200լ/վ ջուր՝ 3 օրով և 2 անգամ 200լ/վ ջուր՝ 12ժամով, որը բավարավել է: Ոռոգման ջրի այլ պահանջ համայնքը չի ներկայացրել:

Իրականությունն այս է և այն ներկայացնելով, Ջրային կոմիտեն կրկին հիշեցնում է ջրօգտագործողներին, որ օգտագործված ոռոգման ջրի համար հարկ է վճարել ճիշտ նույն տրամաբանությամբ, որով վճարվում է հանրային մյուս ծառայությունների դիմաց։ Այդ վճարն ուղղվում է համակարգի պահպանության, բնականոն գործունեության, աշխատակազմի աշխատավարձերի ծախսերին և բավարար միջոցներ չհավաքագրվելու դեպքում տուժում է համակարգը, խաթարվում է ոռոգման գործընթացը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: