Հայերեն   English   Русский  

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ձնամարտի չեմպիոնների լիգան


  
դիտումներ: 88

Գալիք ձմեռը կարևոր դեր է խաղալու հայաստանյան սպորտային համայնքում։ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան կազմակերպում է աննախադեպ խոշոր միջոցառում՝ Ձնամարտի չեմպիոնների լիգան, որը տեղի կունենա 2020թ․փետրվարի 22-23-ը։

Լիգան կմիավորի 20 միջազգային և տեղական թիմերի։ Աշխարհի 8 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Կանադա, Ճապոնիա, Չինաստան) Հայաստան կգան ձնամարտիկներ՝ փոխանակելու իրենց փորձը և մասնակցելու տարածաշրջանի ամենալայնամասշտաբ միջոցառումներից մեկին։ Ձնամարտի չեմպիոնների լիգայի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը, տարածել ձնամարտի մշակույթը և կապ հաստատել ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։

Միջոցառմանը մասնակցելու համար թիմ ունենալը պարտադիր է, քանի որ ձնամարտը թիմային խաղ է։ Ֆեդերացիան արդեն ընդունում է մասնակցության հայտեր։ Միջոցառման մանրամասները և գրանցման հղումը հասանելի են այստեղ։

Լիգայի օրակարգի վերաբերյալ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ։ Մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ֆեդերացիայի պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/yukigassen.am/

Նշենք, որ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան հիմնադրվել է 2019թ․-ին։ Այն Հայաստանում միակն է, որը ներկայացնում է ձնամարտը՝ որպես առանձին սպորտաձև։ Հայաստանում առաջին անգամ ձնամարտի առաջնություն անցկացվել է 2019թ․ փետրվարին՝ Ապարանում, որը գրանցեց մեծ հաջողություններ՝ գրավելով լրատվամիջոցների ու հանրության ուշադրությունը։ Վերջինիս հաջորդեց պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում կայանալիք Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը։ Ֆեդերացիան այստեղ նույնպես պատվով ներկայացրեց մեր երկիրը։ Հենց Եվրոպայի առաջնությունն էլ հիմք հանդիսացավ Ձնամարտի չեմպիոնների լիգայի համար՝ կազմակերպելու այնպիսի խոշոր միջոցառում, որը կօգնի միջազգային թիմերի միջոցով աշխարհի ուշադրությունը բևեռել Հայաստանի վրա։ Այժմ ընթանում են լիգայի կազմակերպչական ակտիվ աշխատանքները։ Հավելենք նաև, որ ֆեդերացիան Ձնամարտի միջազգային միության անդամ է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: