Հայերեն   English   Русский  

Ռեալ շանս ունենք հաջորդ տարվա բյուջեով աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդիրը լուծել, ավարտելու. Փաշինյան


  
դիտումներ: 79

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին, որի նպատակը երկրաշարժից հետո անօթևան մնացած բնակիչների խպնդիրների լուծումն է:

Հարցը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նա նշեց, որ խոսքը պետական աջակցության ծրագրով շահառու ճանաչված 227 ընտանիքների մասին է: Նա նաև հավելեց, որ այդ երեք մարզերի գյուղերում շահառու ճանաչված 453 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծման կարիք ունի և նրանց հարցը նախատեսվել է լուծել 2020 թվականին: Նրանց շրջանում հարցում է անցկացվել և նրանցից 227-ը նախընտրել է բնակարան ձեռք բերել վկայագրի միջոցով:

Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,291 մլրդ դրամ գումար: Գումարը կհատկացվի մինչեւ տարվա վերջ: Ղուլարյանը նշեց, որ գումարը բնակիչներին տրվելու է միայն իրենց ժամանակավոր տնակները քանդելուց հետո:

Նա նաեւ հավելեց, որ իրենք հաշվարկել են, որ Լոռու մարզում մեկ քմ բնակելի տարածքի արժեքը մոտ 75 հազար դրամ է, իսկ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում՝ 80 հազար դրամ:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա 453 ընտանիք, որոնց նկատմամբ բնակարանով ապահովելու պետության պարտականությունն արձանագրված է: 2020 թվականի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ 6 անգամ ավելացրել ենք: Եկող տարի այդ նպատակի համար նախատեսված է 3 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որր լավ է, որ այդ ընտանիքներից 227-ը համաձայնել են բնակարանային վկայագրի միջոցով գումար փոխանցելու տարբերակին:

«Երկրորդ, վերջին տարիներին աղետից տուժածներին բնակարանով ապահովելու տեմպը եղել է տարեկան 40-45 ընտանիք: Այս որոշմամբ այդ տեմպը 4-5 անգամ ավելացնում ենք: Այսինքն կմնա 226 ընտանիք եւ մենք ունենք ռեալ շանս հաջորդ տարվա բյուջեով այդ խնդիրը լուծել, ավարտել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: