Հայերեն   English   Русский  

Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք ընդդիմացեք, «Իմ քայլը» կստանա այն, ինչը որոշել է. Վիգեն Ստեփանյան


  
դիտումներ: 139

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացնող ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միացել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե գնա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով մեկին։

Նա ասաց, որ չի մասնակցում ակցիային, սակայն ակցիայի մասնակիցների կողքին է գաղափարապես․ «Որպես հայ չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը, բազմաժանր նախարարություն ունենք, միանգամից չես ասի՝ բոլոր ոլորտները։ Ինձ համար անհասկանալի է, անընդունելի է, եթե մենք մեր լեզուն, հիմքը, հիմնաքարը չհարգենք, հետո, անշուշտ, արդեն եկեղեցին, պատմությունը»։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի արած այն հայտարարությանը, որ ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է, Վիգեն Ստեփանյանն ասաց, որ չի զարմանում․

«Դա էլ իր պաշտոնն է, թերևս, թելադրում: Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք, ցավոք սրտի, ուղղակի եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ պիտի գա, այ դա ամենամեծ խնդիրն է։ Կարծում եմ, որ ունենք լավ կադրեր, բայց հազար ու մի պիտակ կդնեն ու կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով, իմ նշանակածը պիտի լինի։ Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք ընդդիմացեք, «Իմ քայլը» կստանա այն ինչը որոշել է, քանի որ ոչ մի այլ կերպ չի ստացվելու։ Ես շատ լավ գիտեմ իմ ոլորտը, գնաց Մակունցն եկավ Նազենի Ղարիբյանը, ինչ էլ փոխվեց՝ փոխվեց դեպի վատը։ Մետրոյի առաջ իբր «ներկայացում են խաղում», եւ դրա համար շատ լուրջ գումար է տրամադրվում, այդ գումարով թերեւս 2 ներկայացում բեմադրեն ասենք թե՝ մանկական։ Չի կարող լինել այնպես, ինչպես վարչապետն է ուզում, բոլորս էլ մարդիկ ենք։ Հարցը հո Արայիկ Հարությունյա՞նը չէ»։

Ստեփանյանն ասաց, եթե հիմա արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա գործող իշխանությունը կստանա 20-30 տոկոս ձայն․ «ժողովուրդը հիմա հիասթափված է, մարդիկ արդեն չեն հավատում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: